Ցավոք, առավելագույնը, որին այսօր Հայաստանը կարող է հավակնել` պայմանավորված հիմնականում սուբյեկտիվ պատճառներով, զարգացած գյուղատնտեսական երկիր դառնալն է: Ինչո՞ւ ցավոք, որովհետև 21-րդ դարում լինել զարգացած գյուղատնտեսական երկիր դեռևս ոչինչ չի նշանակում ու այն էլ մի պարագայում, երբ մի քանի տասնամյակ առաջ նույն Հայաստանը զարգացած արդյունաբերություն ունեցող պետություն էր համարվում: Բայց ինչպես ասում են, ժամանակները փոխվել են, ու հիմա թիվ մեկ գերակայություն է հռչակված գյուղատնտեսությունը:
Վերջին տարիներին, սակայն, ինչ-որ անհասկանալի պրոցեսներ են տեղի ունենում տնտեսության այս ոլորտում. Հայատանը հետզհետե կորցնում է սեփական արտադրանքով ներքին պահանջարկը բավարարելու ունակությունը` վերածվելով ընդամենն օտարերկրյա արտադրանք սպառող պետության: Գյուղատնտեսությունն իր բոլոր ճյուղերով հետզհետե մեռնում է այս երկրում:
Ողբերգական իրավիճակ է ստեղծվել հատկապես անասնապահության ոլորտում. վտանգի տակ են հայտնվել մանր եղջերավոր անասունները. դրանց մայրական կազմի՝ Իրան արտահանելուց հետո տեղական ցեղատեսակները հայտնվել են վերացման եզրին: Ավելին` բանից պարզվում է` վերջին մի քանի շաբաթների ընթացքում շուրջ 30 հազար տոննա կասկածելի ոչխարի միս է ներմուծվել Հայաստան այն դեպքում, երբ ակնհայտորեն դրա անհրաժեշտությունը չի զգացվում: Հիբրիդացված անասնամիս է ներմուծվել, ու հիմա այն խառը վաճառքի է հանվել շուկայում: Ի դեպ` հիբրիդացված անասնամիսը բավական բացասական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա` իր քաղցկեղածին հատկանիշների պատճառով: Այսինքն` մի կողմից մեր` էկոլոգիապես մաքուր մսամթերքն արտահանում ենք Իրան կամ այլ երկրներ, մյուս կողմից ներմուծվում է քաղցկեղածին մսամթերք: Ի դեպ` ներմուծման այս արատավոր մոլուցքը չի սահմանափակվում միայն այսքանով: Նույն իրավիճակն է նաև թռչնամսի ու ձվի շուկայում: Ու եթե մի քանի տարի առաջ հայ ֆերմերները միանգամայն ընդունակ էին բացի տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց նաև արտահանում իրականցնել, ապա այսօր իրավիճակն անճանաչելիորեն փոխվել է, ու շուկան վերածվել է քաղծկեղածիններով հագեցած անհասկանալի մի երևույթի: Չգիտես` գյուղատնտեսության նախարարությունը հատո՞ւկ է այս դավադրությունը կազմակերպել մեր դեմ, թե՞ ուղղակի երկրից արտահանելու էլ ոչինչ չի մնացել, մենք էլ ստիպված ենք վալյուտայի մեր պահանջարկը լրացնել ազգաբնակչության առողջության հաշվին…
Ինչպես վերը նշել էինք, Հայաստանում գյուղատնտեսությունը հայտարարված է ռազմավարական նշանակության ճյուղ: Հրաշալի է: Հարցը, սակայն, այն է, թե նման իրավիճակում որն է այստեղ ռազմավարությունը, համակարգված քայլերով ոլորտը ջլատելն ու Հայաստանը մոնսանտոների բուն սարքելը, թե` հակառակը:
Հրանտ Դալլաքյան