Foto

Փոքր ու միջին ձեռնարկատերերի համար ԵՄ ապրանքի արտահանումը կհեշտացվի

Եվրամիության հետ գործող GSP+ համակարգը և Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում ԵՄ հետ գործող MFN ռեժիմը թույլ են տալիս Հայաստանի համար ապահովել տեղում արտադրված գրեթե 90 տոկոս ապրանքների պարագայում զրոյական մաքսատուրքով մուտք դեպի ԵՄ շուկա, ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Միայն GSP+ շրջանակում 6400 ապրանքի մասով հնարավոր է դրանք զրոյական  մաքսատուրքով արտահանել ԵՄ շուկա,  ինչը էական գրավչություն է ու կարևոր գործիք ներդրողների համար», - նշեց նա:

Փոխնախարարը կարևորեց նաև բյուջետային աջակցության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ նշելով, որ դրա շրջանակում այս պահին 6 տարբեր համաձայնագրերով տարբեր ոլորտներում իրականացվում են ոլորտային բարեփոխումներ:

«ԵՄ աջակցությամբ ՀՀ-ն կարողանում է իրականացնել բարեփոխումներ տարբեր ոլորտներում: 2016-ին բյուջետային աջակցության մասով ամենաբարձր գումարային հատկացումն ենք ստացել, որը տրվել է երկրի բյուջեին 27,5 մլն եվրոյի սահմաններում: Այս տարի նախատեսվում է 15-17 մլն եվրոյի բյուջետային հատկացում ստանալ», - հավելեց նա:

Vesti.am