Բոլորովին նորություն ասած չենք լինի, եթե մեկ անգամ էլ ամրագրենք այն անխուսափելի իրողությունը, որ Հայաստանի բնակչությունը, հատկապես նրանք, ովքեր բնակվում են Երևանից դուրս, վերջին տարիներին շարունակական աղքատացման պրոցեսի հորձանուտում են հայտնվել. մինչ հայրենի չինովնիկներն ու կերած-խմած երեսփոխանները շարունակում են պարարտանալ, այդ ընթացքում շքեղաշուք մեքենաներ ձեռք բերել (պարտադիր վերջին մոդելի), տներ կառուցել ու դրանց բացարձակ մեծամասնությունն էլ ձեռքի հետ վարձով տալ, դրանից ստացած փողն էլ կերուխումի օբյեկտներում անխնա մսխել, այդ ընթացքում Հայաստանը շարունակում է արագ տեմպերով դատարկվել, մարդիկ` սննկանալ: Կարճ ասած` Հայաստանը վաղուց դարձել է անհավասարության յուրատեսակ խորհրդանիշ հանդիսացող մի երկիր, ուր բնակչության գրեթե կեսն աղքատ է ապրում:
Ասվածը հատկապես բնորոշ է, թերևս, Շիրակի մարզին ու հատկապես Գյումրիին, որն, առանց չափազանցության, հանդիսանում է Հայաստանի ամենաաղքատ քաղաքաներից մեկը` չնայած որ իր նշանակությամբ երկրորդն է:
Ինչպես, սակայն, հիմա կհամոզվեք, սույն ողբալի փաստը որևիցե կերպ չի անդրադառնում քաղաքային իշխանությունների սոցիալական քաղաքականության վրա, ու չգիտես ինչու դիցուք Գյումրիի նախակրթարանների վճարն այսօր Հայաստանում ամենաբարձրերից է` 8000-9000 դրամ (սրա պատճառով էլ մոտ 2000 երեխա զրկված է նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից), և սա այն պարագայում, երբ սոցիալական իմաստով շատ ավելի բարվոք վիճակում գտնվող Երևանում նույն մանկապարտեզներն անվճար հիմունքներով են բնակչությանը ծառայություններ մատուցում: Հիմա հարց է առաջ գալիս` ինչո՞ւ պետք է մարզերում նախակրթարանները վճարովի լինեն ու այն էլ չափազանց թանկ, իսկ ավելի ապահով Երևանում` անվճար: Այստեղ ո՞րն է տրամաբանությունը: Դեռ մի բան էլ ուզում են կրճատել նախակրթարանների թիվը` իրողություն, որն, ըստ էության, ավելի շատ պայմանավորված է Հայաստանի բնակչության թվաքանակի նվազմամբ:
Այս անտրամաբանական վիճակին կարող է լինել մեկ բացատրություն. հաշվի առնելով այն, որ հայրենի չինովնիկների, օրենսդիրների ու այլ արտոնյալների գերակշիռ հատվածը մայրաքաղաքաբնակ է, ենթադրելի է` համապատասխանները որոշել են ավելորդ խոսակցությունների ն տեղիք չտալ ու Երևանի նախակրթարաններն անվճար անել (երևի պաշտոնյաները կաղքատանային, եթե ասենք մարդա մի 2000 դրամ ամսական վճար տային), իսկ համապատասխան եկամուտն էլ կորզել մարզաբնակներից` «աչքից հեռու» սկզբունքով: Ոչինչ, որ այդ քաղաքականության հետևանքով երեխաները զրկանք են կրում, ոչինչ, որ նման մոտեցման արդյունքում սոցիալական անհավասարությունն է՛լ ավելի է խորանում:
Ա՛յ հենց այսպիսի «սոցիալական» պետություն է այսօր Հայաստանը. Զիմբաբվեին ստվերել ենք վաղուց…
Հրանտ Դալլաքյան