Տնտեսագետները շարունակում են քննարկել Հայաստան -Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ի՞նչ կարող է մեր երկրին տալ այդ փաստաթղթի տնտեսական բաղադրիչը: Ակնհայտ է, որ Համաձայնագիրը կարող է որոշակիորեն դիվերսիֆիկացնել, ավելի բազմազան դարձնել Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական, մշակութային, ինստիտուցիոնալ, ինտեգրացիոն վեկտորները և այդպիսով ավելի ճկուն ու կենսունակ դարձնել մեր երկրի տնտեսական համակարգը: ԵՄ-ի հետ համաձայնագիրը փոխլրացնում է ԵԱՏՄ-ին և ավելի համակողմանի է դարձնում մեր կապերն աշխարհի հետ։ Մշակութային և քաղաքական այդ հզոր համակարգի հետ գործակցությունը, թերևս, հնարավորությունների լայն դաշտ է բացում։ Այս իմաստով՝ եթե ԵՄ-ն այլընտրանք լիներ, կնշանակեր՝ նեղացնել, պրիմիտիվացնել խնդիրը, որովհետև ԵՏՄ-ն գեոքաղաքական, գեոտնտեսական կազմավորում է՝ որոշակի պայմանագրային հենքի վրա ձևավորված, և դա նշանակում է՝ հստակ անդամակցություն այդ կառույցին Հայաստանի համար։ Այստեղ անդամակցության հարց չկա, ընդամենը գործակցության շրջանակային համաձայնագիր՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով: Շրջանակային համաձայնագիրն իրավունքներին կամ հնարավորություններին զուգահեռ՝ փոխադարձ պարտավորություններ է ենթադրում. Դա հնարավորություն է տալիս Հայաստանին՝ շարունակելու այն տնտեսական բարեփոխումների շրջանը, որտեղ կարծես թե մենակ առաջ գնալու որոշակի խնդիրներ ունենք։ Խոսքը ինստիտուցիոնալ ռեֆորմների էֆեկտիվության մասին է։ Մենք տասնամյակներ շարունակ այդ ռեֆորմները հիմնականում իրականացրել ենք միջազգային ֆինանսական կառույցների, հատկապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Առևտրի համաշխարհային կազմակերպության հաշվին։ Նրանք ֆինանսական ռեսուրսներ են տրամադրել Հայաստանին, որի դիմաց պահանջել են ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ։ Բայց պետք է արձանագրենք, որ այդ բարեփոխումները, որոշակի դրական ձեռքբերումներով հանդերձ՝ որոշակի ծուղակներ են առաջացրել։ Առաջին հերթին՝ դա կոռուպցիայի հիմնախնդիրն է, որ բնորոշ է մեր բախտակից շատ երկրներին, և հատկապես՝ ԵԱՏՄ, ԱՊՀ երկրներին։ Որոշ առումով՝ նաև Արևելյան Եվրոպայի երկրներն էին այդպիսի ռիսկերի տակ, նաև՝ Մերձբալթյան երկրները, բայց անդամակցությունը ԵՄ-ին՝ այդ երկրներին բավականին լուրջ ազդակներ է տվել։ Հայաստանի այս նախաձեռնությունն, անշուշտ ավելի ճկուն հարաբերությունների դաշտ է ձևավորում։ Մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, և այս համաձայնագիրը, գործակցության այս շրջանակը, որի մեջ մտնում է Հայաստանը, կստիպի ձևավորել ինստիտուցիոնալ այնպիսի միջավայր, որը մրցակցայնության սկզբունքները կդարձնի որոշիչ:
Էմմա Կիրակոսյան









