Foto

Եգիպտական ընկերությունը մտադիր է Հայաստանում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել

Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի առաջատար արտահանողներից ու արտադրողներից մեկը՝ «Wassef» ընկերությունը մտադիր է Հայաստանում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ընկերությունը գլխավորող սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆի հետ։

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ջոզեֆ Վասեֆը նախարարին հայտնել է, որ ցանկանում է Հայաստանում արտադրություն հիմնել թեթև արդյունաբերության ոլորտում։

Ներդրողը նշել է, որ իրենց ընկերությունների շղթան մասնագիտացած է արտադրության բոլոր փուլերում՝  տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային և կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձևավորում, կար և փաթեթավորում։ Ընկերությունը արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։

Նախարարը ներդրողի հետ քննարկել է Հայաստանում հագուստի արտադրություն հիմնելու հնարավորությունները, Հայաստանի կառավարության կողմից ներդրողների համար սահմանված  աջակցության գործիքակազմը, արտահանման հնարավորությունները և այլ մանրամասներ։

Ջոզեֆ Վասեֆի խոսքով՝ հայաստանյան աշխատուժը աշխարհում լավագույններից է և հայ մասնագետներն իրենց գործի գիտակն են, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։ Ներդրողը նշել է, որ կարող են 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։

Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախնապատրաստական աշխատանքները և անհրաժեշտ ուսումնասիրությունները: