Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիմնավորման համաձայն՝ մարզի 107 համայնքներից ներկայում աղբահանության ծառայություններ մատուցվում են ընդամենը 59-ում: Ըստ այդմ, մարզում նախատեսվում է ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշներին բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, նվազեցնել և չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական ներգործությունը: Ի պատասխան վարչապետի հարցի՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ բոլոր մարզերում այդ համակարգի ներդրումը նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում: