Կոմունալ վճարների թեման Հայաստանում վաղուց վերածվել է գերսոցիալականացված խնդրի. գրեթե ամեն տարի կա՛մ հոսանքն են թանկանում, կա՛մ ջուրը: Ջրի սակագինը, թերևս, ավելի հաճախ է բարձրանում, ինչը հանրահայտ, բայց ոչ հանրային ֆավորիտ հանդիսացող «Վեոլիա ջուրը» բացատրում է մե՛րթ ջրի սպառման ծավալների նվազմամբ, մե՛րթ ջրահեռացման աշխատանքների համար անհրաժեշտ գումարների սղությամբ, կա՛մ էլ առհասարակ բացատրություն չի տալիս` մատնացույց անելով ասենք Եվրոպան, ուր իբր ջրի գները մի քանի անգամ ավելի թանկ են, քան այստեղ` մեզ մոտ:
Ինչպես հայտնի է, օրերս կրկին անգամ ջրի սակագինը բարձրացնելու մասին որոշում ընդունվեց. սակագինը մոտ 14 դրամով կբարձրանա, կկազմի 191,414 դրամ 1խմ-ի դիմաց, սակայն մի ինչ-որ հրաշքով ազգաբնակչության` սպառողների հիմնական մասի համար սակագինը չի փոխվի, ու հասարակ սպառողները կշարունակեն վճարել նույնչափ:
Առաջին հայացքից հրաշք թվացող այս փոքրիկ «ֆոկուսն» իրականում, պարզվում է, այնքան էլ հրաշք չէ, այլ կատարյալ խաբկանք, որի պատճառով պետական բյուջեն հսկայական ծախսի տակ է ընկնելու: Հայրենի կառավարությունն իբր բնակիչների համար ջրի սակագինը նույնը թողնելու նպատակով սուբսիդավորելու է եվրոպական ընկերությանը, որպեսզի «Վեոլիա ջրի» ղեկավարությունը մի փոքր ավելի գթասիրտ գնվի ու խղճալով տառապած հայերիս` շատ «չբամփի» գլխներիս: Ինչպես պարզվել է, ընդհանուր առմամբ, սուբսիդավորման գումարը կազմելու է մոտ 37 միլիարդ դրամ (տնտեսագիտական հաշվարկները սրա մասին են վկայում): Ի դեպ` նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը սուբսիդավորում է օտարերկրյա կազմակերպություններին. այս ամենը մեզանում կարծես «գեղեցիկ» ավանդույթի է վերածվել:
Հայտնի է, որ 2018-ի պետական բյուջեով դիցուք թոշակների բարձրացման համար գեթ 1 լումա նախատեսված չէ: Որպես այս ապասոցիալական երևույթի հիմնավորում տարբեր չինովնիկներ տարբեր պատճառաբանություններ են բերում. մեկն ասում է ուզում են չխրախուսել նպաստառությունը Հայաստանում, մյուսը թե` պաշտպանական ծախսերն են պատճառը, իսկ առավել կրեատիվներն էլ այս ամենը բացատրում են ծուլության դեմ պայքար մղելու անհրաժեշտությամբ: Կարճ ասած` իսկական կրկես: Հիմա հարց է առաջանում` մոտ 40 միլիարդ դրամ գումար ինչ-որ մասնավոր ընկերությանը, որն այսօր այստեղ է, վաղը չվելու է, տալու իմաստը ո՞րն է: Ինչո՞ւ մեր «համապատասխանները» նույն «Վեոլիա ջրին» չեն բացատրում, որ սուղ միջոցներ ունեցող պետությունը պարտավոր չէ սեփական վզին դնել իրենց ու ման տալ: Եթե ջրի բիզնեսը Հայաստանում ձեռնտու չէ այդ ընկերությանը թող բարի լինի վաճառի այն ու հեռանա: Ո՞վ է տեսել հարկատուների փողերը մսխել ինչ-որ մասնավոր ընկերության քմահաճույքների վրա, ափի մեջ ձվածեղ անել ու կերակրել: Լա՛վ, էլ ո՞րն էր ոլորտը մասնավորին տալու իմաստը, եթե պետք է այդ մասնավորի փոխարեն շարքային քաղաքացին ստիպված լինի սեփական գրպանից վճարել:
Իրականում «Վեոլիան» այստեղ ավելի քիչ մեղք ունի. մասնավոր ըկերություն է` շահույթ հետապնդող, ու մարդիկ իրենց բիզնեսն են առաջ տանում: Մեղավորն այս հարցում միայն կառավարությունն է, որը թույլ է տալիս, որպեսզի բյուջեն այս կերպ մսխվի, փոշիանա:
Արձանագրենք ու անցնենք առաջ…
Հրանտ Դալլաքյան