Foto

Էներգետիկ դիվերսիֆիկա՞ցիա. ինչու է լռում հայկական կողմը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երևանում, այնուհետև Աշխաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ բավական մանրամասն քննարկումներ էին եղել թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ: Այս օրերին Իրանում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ ահա Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային «Իրնա» գործակալությանը հայտարարել է, թե Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը: Թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հարցը նույնպես քննարկվել է: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրի իրականացմանը: Զարմանալի է, թե ինչո՞ւ այս մասին չեն բարձրաձայնում հայ պաշտոնյաները, ի՞նչն է ստիպում, որ բանակցությունների մասին մանրամասներն իմանում ենք երկրորդ երկրից: Կա՞ արդյոք լուրջ քննարկում, գործընթաց Թուրքմենիա-Իրան-Հայաստան ֆորմատով գործակցության շուրջ, մասնավորապես այն գազամուղի, որի հնարավորությունը չի բացառել անգամ Սերժ Սարգսյանը: Եթե կա՝ այդ դեպքում դրանով կարող է հետաքրքրվել նաև Եվրոպան: Սակայն, եթե առկա են խոսակցություններ, կողմերը ցանկություն են հայտնում համագործակցել, բայց սայլը տեղից չի շարժվում ակնհայտ է դառնում որ գործընթացը լուրջ խոչընդոտների է բախվել: Իրավիճակի առաջին  «մեղավորը» կարծես թե Ռուսաստանն է: Չէ՞ որ ռուսական կողմի համար դա նշանակելու է մրցակից գազամուղ և ընդհանրապես աշխարհքաղաքական մրցակցային լուրջ նախագիծ Ռուսաստանի համար, ոչ միայն Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքի առումով, այլ նաև ընդհանրապես Կովկասում Ռուսաստանի ազդեցության: Այստեղ արդեն ռուս-թուրքական ազդեցության խնդիրն է, որը միարժեքորեն կանցնի պատմության գիրկը՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Վրաստան հեռանկարի պարագայում: Դա արդեն բոլորովին այլ տարածաշրջան է, բոլորովին այլ տրամաբանությամբ և անվտանգության համակարգով: Եթե քաղաքական որոշում կայացվի, որ թուրքմենական գազը պետք է մտնի Հայաստան, բնականաբար, այն պետք է իրականացվի Իրան-Հայաստան գազամուղով: Իսկ Իրան-Հայաստան գազամուղն արդեն «Գազպրոմի» սեփականությունն է, և դրա բաշխումը Հայաստան ևս պետք է իրականացնի ռուսական օպերատորը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Այս խոչընդոտները ևս պետք է դիտարկել որպես կարևորագույն հանգամանքներ հայ-թուրքմենական էներգետիկ հարաբերությունների զարգացման հարցում:

Միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչ է ենթադրում Թուրքմենստան-Իրան-Հայաստան էներգետիկ հաղորդակցության ձևաչափը: Օրինակ, դա ենթադրում է Հայաստանի և Թուրքմենստանի միջև գազային գործարք փոխանակման սկզբունքո՞վ, ինչպես ասենք փորձում էին անել Վրաստանն ու Իրանը՝ Հայաստանի տարածքով, երբ Թուրքմենստանը գազ է տալիս Իրանին, իսկ Իրանը գազ է տալիս Հայաստանին: Թե՞ Թուրքմենստան-Իրան-Հայաստան ձևաչափն ունի ավելի հեռահար նշանակություն և կարող է ժամանակի ընթացքում ձևակերպվել որպես էներգետիկ առաջարկ Եվրոպային՝ Թուրքմենստանի և Իրանի գազը արտահանել Եվրոպա Հայաստանի, Վրաստանի տարածքով: Եթե չկառուցվի նոր գազատար, Թուրքմենստանի և Իրանի գազը Հայաստանի տարածքով չունի Սև ծով գնալու հնարավորություն, դրա համար այս պահին պարզապես չկա համապատասխան ենթակառուցվածք: Այդ դեպքում Հայաստանը դառնում է ընդամենը փակուղի, փոքր սպառող և Թուրքմենստանի հետ էներգետիկ գործակցությունը դառնում է ընդամենը փոքր բիզնես: Մինչդեռ եռակողմ այս համագործակցության թիվ մեկ նպատակը հայկական կողմի համար պետք է լինի ոչ թե կոպեկների շահույթ ստանալը, այլ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի շնորհիվ էներգետիկ անվտանգության ամրապնդումը: Այդ ուղղությամբ սակայն քայլեր չենք տեսնում: Տրանզիտային հնարավորությամբ նոր գազատարի կառուցումն անգամ մինչ օրս խոսակցությունների մակարդակում է: Ինչո՞ւ: Այստեղ թիվ մեկ շահագրգռված կողմը պետք է լինի Վրաստանը, որը պետք է գնի թուրքմենական գազը, այնուհետև փորձի իր տարածքով տանել դեպի Ուկրաինա, այնտեղից՝ դեպի Եվրոպա: Այս միջանցքը վաղուց մշակվել է: 1990-ական թվականների կեսերից, երբ քննարկվում էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցը, այս միջանցքը բազային սցենար էր համարվում: 2015-2016 թվականներին պարբերաբար խոսվում էր Իրան-Հայաստան-Վրաստան սվոպային գազային միջանցքի ստեղծման մասին: Անցյալ տարի Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Վրաստանն ամբողջությամբ անցնում է ադրբեջանական գազի սպառման ռեժիմի: Եվ քանի դեռ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկել այս բոլոր խոչընդոտները վերացնելու, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համաձայնության ձեռքբերելու ուղղությամբ՝ Հայաստան-Թուրքմենստան-Իրան գազային համագործակցությունը հնարավոր է դիտարկել միայն տեսական տիրույթում:

Գուցե սա՞ է պատճառը, որ մեր պաշտոնյաները չեն շտապում բարձրաձայնել քննարկումների ընթացքում առաջ քաշված առաջարկների և դրանց՝ հայկական կողմի վերաբերմունքի և արձագանքի մասին: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է ընդհանրապես նմանատիպ քննարկումների, բանակցությունների իմաստը…

Լիաննա Ավետյան