Հայաստանում «թանկացում» կոչվածը, հայտնի իրողություն է, արդեն վաղուց մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող ու ոչ մի կերպ վերլուծության չենթարկվող երևույթի է վերածվել:
Երբ հետևում ես առանձին ապրանքատեսակների գնային տատանումներին, որոնք բավական հաճախ կրկնվող երևույթ են դարձել մեզանում, հասկանալի է դառնում, որ ասենք որևիցե տնտեսագիտական օրենքով կամ տեսությամբ հիմնավորել ուղղակի չի ստացվի, եթե նույնիսկ կաշվիցդ էլ դուրս գաս: Ընդ որում՝ գնաճը հաճախ մեզանում տեղի է ունենում այն ժամանակ, երբ ասենք համաշխարհային շուկայում այս կամ այն ապրանքատեսակի գները նվազման միտում են սկսում դրսևորել. մինչ աշխարհում էժանացումներ են, մեզանում թանկացումներ են նկատվում:
Ինչպես հայտնի է, վերջերս բավական ակտիվորեն սկսել են շրջանառվել առաջիկայում սպասվող մսամթերքի, բայց հատկապես տավարի մսի թանկացման մասին լուրեր: Վերջերս մամուլում նույնիսկ գրել էին, թե առաջիկայում տավարի մսի գինը կարող է հատել 5000 դրամի սահմանագիծը: Բնականաբար, Հայաստանի պես աղքատ երկրում, որտեղ բնակչության եկամուտների ավելի քան 70 %-ն, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 90%-ից ավելին ծախսվում է պարենամթերքի վրա, նմանօրինակ թռիչքաձև թանկացումների մասին խոսակցությունները չէին կարող ուշադրության չարժանանալ. հարց է ծագում՝ ո՞րն է մսամթերքի թանկացման պատճառն այն պարագայում, երբ կարծես չորքոտանիների պակաս Հայաստանում այնքան էլ չի զգացվում:
Պարզվում է՝ պատճառ, այնուամենայնիվ, կա, ու դա, որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանից այդպես էլ անասունների չդադարող արտահանումն է հիմնականում արևելյան երկրներ՝ Իրան, Քաթար, Իրաք: Փաստորեն, ինչպես պարզ է դառնում համապատասխան վիճակագրությունից (ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրված վիճակագրության՝ միայն սեպտեմբեր ամսին Հայաստանից արտահանվել է մոտ 3000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ մանր եղջերավոր՝ 5000-ից ավելի)՝ Հայաստանը դարձել է կամ փորձում է դառնալ չորքոտանիների արտահանման գծով բացարձակ առաջատար, միայն թե չգիտես ինչու ոմանք որոշել են այդ վեհ նպատակին հասնել հայաստանցիներիս հաշվին: Աշխարհում, օրինակ, ընդունված է արտահանման մասին մտածել միայն այն պարագայում, երբ ներքին շուկան այլևս հագեցված է լինում. միայն ներքին շուկայի պահանջարկը բավարարելուց հետո է, որ մտածում են արտաքին շուկաներ դուրս գալու մասին: Մեզ մոտ, սակայն, հակառակ երևույթն է նկատվում և ոչ միայն անասունների մասով: Նույն իրավիճակն է գյուղատնտեսության այլ ոլորտներում, ինչը չի կարող մտահոգության առիթ չտալ: Ո՞րն է Իրաք կամ Քաթար անասուն արտահանելու բուն իմաստն այն պարագայում, երբ ներքին շուկայում մսամթերքի գների բարձրացում է կանխատեսվում, ըստ էության, նույն այդ զանգվածային արտահանման պատճառով…
Ցավոք, ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ վկայում է անկազմակերպ կառավարման, հստակ ռազմավարության բացակայության մասին: Ոլորտները գտնվում են առանձին անհատների վերահսկողության ներքո, սրանք էլ ինչ ուզում՝ անում են: Արդյունքը բոլորիս աչքի առաջ է:
Հրանտ Դալլաքյան