Foto

ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կզրկի համաշխարհային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներից. Թաթուլ Մանասերյան

«Հայաստանը տնտեսապես խոցելի է և իրավունք չունի դուրս մնացալ տարածաշրջանային ինտեգրացիայից ու ոչ ասել ԵԱՏՄ-ին»: Հոկտեմբերի 10-ին «Հայաստան. երկու տարի ԵԱՏՄ-ում» թեմայով քննարկմանը նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ դա Հայաստանին կզրկի համաշխարհային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներից։

Տնտեսագետը հարց է ուղղում այն քաղաքական ուժերին, որոնք օրակարգ են բերել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։

«Դա ի՞նչ կտա Հայաստանին։ Մեզ առանց այդ էլ հերիքում են արտաքին թշնամիները, գումարած դրան՝ մենք պետք է ո՞չ ասենք տարածաշրջանային ինտեգրացիային»,-ասաց տնտեսագետը։

Թաթուլ Մանասերյանի խոսքով, աշխարհում չկա մի երկիր, որը փորձում է ինտեգրված լինել համաշխարհային տնտեսությանը՝ չլինելով ինտեգրված տարածաշրջանային տնտեսությանը:

Տնտեսագետի դիտարկմամբ, ԵԱՏՄ դրական կողմերից մեկն էլ այն է, որ անդամ 5 երկրներից 4-ը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, իսկ համաշխարհային տնտեսությունում թելադրողն այսօր հենց այդ կազմակերպությունն է։

Թաթուլ Մանասերյանը միաժամանակ նշեց, որ կան նաև շատ ընդհանուր խնդիրներ:

«Մենք պետք է պայքարենք այս խնդիրների դեմ միասնական։ Իսկ Հայաստանը, որը տնտեսապես առավել խոցելի է, անպայման պետք է համագործակցի այն երկրների հետ, որոնք ունեն տնտեսական անվտանգության համադրելի աստիճան»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։

Vesti.am