Foto

Պետական պարտքն այնդքան էլ սարսափելի բան չէ. Նապոլեոն Ազիզյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը չնայած չի հասցրել բյուջեի նախագծին ծանոթանալ, սակայն հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետբ զրույցում համոզմունք հայտնեց, որ  պետական պարքի ավելացում նախագծով չի նախատեսվում:

«Պետական պարտքը կրկին չի ավելանալու: Բոլոր երկրներում էլ չեն նայում՝ պետական պարտքն ավելանում է, թե չէ: Ուղղակի պետական պարտքի ավելանալու հետ պետք է շահույթ ստանալ, որ կարողանաս այդ պարտքը սպասարկել»,-ասաց պատգամավորը, օրինակ բերելով զարգացած շատ երկրներ՝ Գերմանիա, Չինաստան, որոնք մեծ արտաքին պարտքեր ունեն:

«Դա այնդքան էլ սարսափելի բան չէ: Այդ երկրներում ՀՆԱ-ի և արտաքին պարտքի հարաբերակցությունը շատ ավելի վատ է, քան մեզ մոտ: Այնպես որ, պարտքի ավելացումը մտահոգիչ չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ մենք էլ ենք զարգանում:

Լրագրողների հարցին՝ արդյոք նախկինում վերցրած պարտքը արդյունավետ է ծախսվել, պատգամավորը պատասխանեց, որ պետությունն ուզում է, թե ոչ, գումարները ներդրվում են այնպիսի ոլորտներում, որտեղից ստացված տնտեսական էֆեկտը միանգամից չի երևում: Նա որպես օրինակ առանձնացրեց ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, լճեր և այլն:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև նա գո՞հ է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի որակից, որի կառուցապատման համար հսկայական գումարներ են ծախսվել, Նապոլեոն Ազիզյանը դրական պատասխան տվեց:

«Դե, հնի հետ համեմատելու չէ, բայց այնպես չէ, որ մերոնք են անում: Տենդեր է հայտարարվել, շահել է արտասահմանյան կազմակերպություն, մենք էլ վերահսկում ենք»,- եզրափակեց նա:

Vesti.am