Foto

Ինչու՞ է գահավիժում գյուղոլորտը

Տասը տարուց ավելի է, ինչ գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ուղղություն է  հռչակված: Ավելին, ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավարությունը հատուկ ծրագրեր ու խրախուսման միջոցներ է ներգրավում ոլորտի զարգացման համար: Սակայն ազգային վիճակագրական ծառայության տվյալները հուսադրող չեն: 2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ, գյուղատնտեսությունն անկում է ապրել 9.4%-ով, իսկ օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, անկումն ավելի խորն է՝ 25%։ Գյուղոլորտի, և որոշ չափով նաև շինարարության ոլորտի անկման հետևանքով ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է. եթե հունվար-հուլիսին 6.2% էր, հունվար-օգոստոսին այն նվազել է մինչև 5.5%:  Եթե մի կողմ դնենք եղանակային գործոնը, որը ամենաշատն է շահարկվում գյուղնախարարության կողմից, գյուղոլորտի ցուցանիշները շարունակում են վատանալ հետևյալ առավել խորքային գործոնների ազդեցության տակ: Նախ պետք է փաստել, որ այս ընթացքում ինֆլյացիան գերազանցել է նախատեսված չափը, իրավիճակի կառավարման մակարդակը շարունակել է նվազել, գյուղատնտեսական արտադրանքի շուկան չի աճել՝ պետական ներդրումները նույնպես: Վարկերի բարձր տոկոսադրույքները պահպանվել են, նվազել է բնակչության գնողունակությունը, շարունակվում է ոլորտի ապակապիտալացումը, որն իր հերթին հանգեցրել է հիմնական ֆոնդերի քայքայմանը, չեն մշակվել մատչելի մեխանիզմներ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, գյուղատնտեսական արտադրանքի և գյուղին տրամադրվող ապրանքների ու նյութատեխնիկական ռեսուրսների գների անհավասարության հետևանքով տեղի է ունեցել կապիտալի փաստացի արտահոսք գյուղատնտեսությունից այլ բնագավառներ:

Գյուղատնտեսությունում հիմնական անկումը բուսաբուծության ոլորտում է: Սա ենթադրում է, որ գյուղացին չի ցանկանում զբաղվել հողագործությամբ: Կան պարապուրդի մատնված հողեր, և չլուծված խնդիրներ ոռոգման համակարգում: Հողի սակավության խնդիր ունեցող մեր հանրապետությունում կան տասնյակ հազարավոր հեկտար հողային տարածքներ, որոնք ոչ մի կերպ չեն օգտագործվում: Վստահ ենք, նախարարությունում էլ են գիտակցում՝ պետք չէ թույլ տալ, որ մարդկանց համար հողը վերածվի պարզապես անշարժ գույքի, բայց դրա համար գործուն քայլեր են անհրաժեշտ, գուցե և օրենսդրական փոփոխությունների տեսքով՝ օրինակ, հնարավոր է օրենքով կարգավորել այն գործընթացը, երբ հողը չմշակող գյուղացին հողը կտա վարձակալության կամ կվերադարձնի համայնքին, եթե չի մշակում այն: Հայաստանի անմշակ հողային տարածքների մշակման դեպքում Հայաստանը միանգամից գյուղմթերքներ ներմուծող երկրից կդառնա արտահանող երկիր:

Գյուղատնտեսության աճի համար մի քանի ամիս առաջ կառավարությունն Ազգային ժողով ներկայացրեց Սևանա լճից 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին առաջարկ: Առաջարկն ընդունվեց, ջուրը բաց թողնվեց, բայց գյուղատնտեսությունը ինչպես տեսնում ենք շարունակեց անկումը: Բնապահպաններն ուսումնասիրել էին, որ ջուրը գյուղացուն չի հասել, փոխարենը՝ ռուսական ընկերությանը պատկանող Սևան-Հրազդան կասկադին լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրելու և շահույթ ստանալու հնարավորություն տվեց: Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալները 40 տոկոսով ավելացնելը պայմանավորված է նրանով, որ «պրոբլեմներ են առաջացել` կապված բնակլիմայական պայմանների հետ»։ Այդ դեպքում ինչո՞ւ է կառավարության որոշման մեջ գրված, որ լրացուցիչ ջուր պետք է բաց թողնել մինչեւ 2019 թվականը։ Կառավարությունը վստա՞հ է, որ ամեն տարի երաշտ է լինելու, թե՞ հավաստի տեղեկություններ ունի, որ 2019-ից հետո անընդհատ անձրև է գալու։ Շատերի կարծիքով այսօր Սևանից ջրառին մենք այլընտրանք չունենք: Իրականում, Հրազդան գետի ջրերի ձմեռային ազատ հոսքն օգտագործելու հաշվին, որը կկազմի շուրջ 100 մլն խմ, կխնայվեն Սևանի ջրերը: Մարմարիկի ջրամբարի վերականգնմամբ, 21 մլն. խմ ջուրը հնարավորություն կտա Մարմարիկ և Հրազդան գետերի ավազանում, մինչև Երևան, հսկայական տարածքների ոռոգման խնդիրները լուծել: Այսօր հանրապետության հսկայական տարածքներ չեն ոռոգվում, որովհետև հոսանքը թանկ է: Ջուրն է հոսանք ստեղծում, բայց ստացվում է, որ հոսանքն ավելին արժե ջրից: Այս կերպ մտածելով, մենք կկորցնենք մեզ պահող ջրային ռեսուրսները: Արդեն իսկ կորցրել ենք: Հայաստանի մակերեսային ջրերի հոսքը տարեկան կազմում է 7-8 մլրդ խմ: Կամ գուցե կառավարությունը վերանայի՞ ոռոգման ջրի դիմաց գյուղացուց գանձվող վարձի չափը: Գյուղացիական տնտեսությունները ենթակա են բնակլիմայական ռիսկերի, ուստի անբերրիության շրջանում ոռոգման ջրի համար վճարելը իրոք դառնում է խնդրահարույց: Եվ վերջապես գուցե հարկավոր է վերանայե՞լ վարձի գանձման քաղաքականությունը և ոռոգման վարձը  գանձել ոչ թե սեզոնի ընթացքում, այլ բերքի իրացումից հետո:

Կառավարության մեկ այլ նախաձեռնությունն էլ վերաբերում էր  ֆերմերներին միավորմանը և կոոպերատիվներ ստեղծելուն: Դրա շնորհիվ էլ պետք է որ հնարավոր լիներ համատեղել ջանքերը և դուրս գալ ստեղծված իրավիճակից: Գործող շուկայական հարաբերությունների «տրամաբանությունից» ելնելով` պետությունը ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել, իսկ ֆերմերներն իրենք պետք է որոշեն, թե ինչ մշակաբույս աճեցնեն և ինչպես իրացնեն: Մինչդեռ ոլորտի պատասխանատու Գյուղատնտեսության նախարարությունը հանդես է գալիս ընդամենը որպես քաղաքականություն մշակող օղակ և փաստորեն իրավասու չէ պարտադրել ֆերմերին, թե նա ինչ աճեցնի, կամ ինչքանով իրացնի: Այս անհասկանալի շրջապտույտում ակնհայտ է դառնում, որ Գյուղատնտեսության նախարարության մշակած քաղաքականությունը պետք չէ գյուղացուն, քանի որ նրա ստացած բերքը կա՛մ մնում է այգիներում, կա՛մ չնչին գներով, ապառիկ կերպով հանձնվում է վերամշակող կազմակերպություններին: Արդյո՞ք այս պարագայում նախարարությունը պետք է առաջնահերթ կերպով չվերանայի կոոպերացիաների հետ աշխատելու իր քաղաքականությունը: Համաշխարհային փորձով ապացուցված է, որ փոքր գյուղացիական տնտեսություններն իրացման շուկաների և ֆինանսական ծառայությունների մատչելիությանը կարող են հասնել առավելապես կոոպերացման միջոցով, քանի որ կոոպերատիվների տնտեսական մոդելը հիմնված է կամավորության և հատկապես փոխօգնության սկզբունքների վրա: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է սովորել արտադրության նոր տեխնոլոգիաներ, բիզնեսի կազմակերպման և կառավարման նոր մեթոդներ, գտնել նոր ուղիներ կոոպերատիվի անդամների հետաքրքրվածությունը պահպանելու և գարգացնելու համար։

Մյուս ծրագիրը՝ գյուղտեխնիկայի պարկի համալրումն այդպես էլ այս ամիսների ընթացքում իրականություն չդարձավ։ Արդի Հայաստանը գյուղատնտեսական առումով մի երկիր է, որտեղ գյուղտեխնիկա չկա՝ համեմատաբար ամենաերիտասարդ կոմբայնը «1941 թվականի արտադրության» է: Կառավարությունն առաջարկում է տեխնիկական պարկի համալրման հետևյալ  պայմանները` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք` առանց լրացուցիչ վճարների, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: Այդ 2%-ին կառավարությունը հասնելու է նրանով, որ պարարտանյութերի տնտեսված գումարները կուղղորդվեն սուբսիդավորելու տոկոսադրույքը: Կան ընկերություններ, որոնք 9 տոկոսով են տրամադրում լիզինգ, և դրանցից 7-ը կսուբսիդվորվի պետության կողմից: Բայց անգամ կառավարության կողմից մասնակի սուբսիդավորվելու դեպքում՝ առաջարկած լիզինգային ծրագրերը միևնույն է մատչելի չեն վարկերի տակ կեղեքվող գյուղացիների համար:

Սրանք գյուղատնտեսության ցուցանիշների անկման բնավ էլ ոչ բոլոր, սակայն ամենաազդեցիկ պատճառներն են: Եվ եթե վերոնշյալ խնդիրների լուծման շուրջ օր առաջ գործուն քայլեր չկատարվեն, ապա ոլորտում պատկերը և բացասական դինամիկան դժվար թե փոփոխության ենթարկվեն:

Էմմա Կիրակոսյան