«Եթե պարտքը երկու տարվա մեջ շարունակի իր վարքագիծը, բնականաբար և՛ միջազգային կառույցների, և՛ օտարերկրյա ներդրողների կողմից արձագանքները կլինեն բացասական: Կան լավ միտումներ. գնահատվել է, որ 2018-2020թթ.-ի հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է և կայուն»,-ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի մեկ տարվա գործունեությունը:
Նա ընդգծեց, որ ներդրումներ կատարող տնտեսվարող սուբյեկտների քաղաքականությունը ևս դրական է:
Նախարարը նկատեց, որ եռամսյակը մեկ ներդրողների հետ աշխատանք են տանում, քաղաքականության ուղղությունների մասին տեղեկատվություն տալիս, և այստեղ էլ միջնաժամկետ ծրագրից հետո ազդակները դրական են:
Խոսելով ներքին պարտքի շուկայի մասին, նախարարն ասաց, որ առաջին անգամ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսեր են թողարկվել՝ առանց տոկոսադրույքների բարձրացման, ինչը կարևոր գործիք է ֆինանսական շուկայում կայունություն ապահովելու համար:
«Դա պարտքի կառավարման ոլորտում էական ձեռքբերում է, քանի որ այն հնարավորություն է տալիս, որ տոկոսադրույքներն էապես նվազեն»,-ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ համատեղ ծրագիր են իրականացրել Կենտրոնական բանկի հետ, ըստ որի տոկոսադրույքների նվազման ապահովման և առաջնային տեղաբաշխումները տեղափոխվել են բորսա:
Անդրադառնալով հարկային քաղաքականությանը, Վարդան Արամյանն ասաց, որ այսօր 46 երկրների հետ ունեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր և միասնական ձևով սահմանվում են ընդհանուր գործիքներ:
«Կարևոր է նաև ներդրումների տեսակետից. ներդրողները կոմֆորտ են զգում, որ գործիքները միատեսակ են գործում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջիկա 5 տարիներին կրկնակի հարկման հետ կապված նոր համաձայնագրեր կստորագրվեն:
Vesti.am