Foto

Հայաստանում արտադրեք և դուրս եկեք շուկաներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Արևելք. հայ գործարարը՝ սփյուռքահայերին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը իրեն իրավունք է տալիս կոչ անելու սփյուռքահայերին գալ Հայաստան և ներդրում կատարել։

«Հայաստանի ԵԱՏՄ մտնելն ու միջազգային սանկցիաների խստացումը ՌԴ-ի նկատմամբ համընկան:  1.5 տարի մենք Հայաստանից նույնիսկ կոնյակ չէինք կարողանում նորմալ արտահանել, որովհետև ռուբլին տատանումների մեջ էր: Այդ վտանգն անցավ, այսօր կա նորմալ շուկա, և մենք աշխատում ենք: Այսօր հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է, որ ինձ բարոյական իրավունք է տալիս ձեզ համոզելու՝ եկե՛ք Հայաստան»,-նշել է նա:

Ղազարյանը կոչ է արել սփյուռքահայերին համոզելու իրենց համայնքների հայ գործարարներին ձեռնարկատիրություն սկսել Հայաստանում։

«Մենք վաճառքի պրոբլեմ չունենք, մեր խնդիրներն արտադրական ծավալների մեջ են: Եթե մենք կարողանանք լուրջ գումարներ բերել մեր վերամշակող արտադրություն, ապա կկարողանանք արտադրական ծավալները մեծացնել: Եկե՛ք, փող դրե՛ք և աշխատե՛ք: Բազում արտոնություններ ունենք արտահանելու համար, բայց արտահանելու ապրանք չունենք: Հայաստանը մի դիտարկեք որպես շուկա, այստեղ գալ մեր օլիգարխների կողքին խցկվել, փորձել ապրանք ծախել: Հայաստանում արտադրեք և դուրս եկեք շուկաներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Արևելք: Ժամանակն է մեզ դիտարկել որպես լուրջ արդյունաբերական ծառայություններ մատուցող հարթակ տարածաշրջանի համար»,-եզրափակել է նա:

Vesti.am