Foto

Արտահանման հիմնական մասը բաժին է ընկնում ռուսական շուկային

«Հանրապետությունում մթերվել է 35 տոննա պտուղ-բանջարեղեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մթերվել էր 32600 տոննա պտուղ-բանջարեղեն։

«Մթերումների աշխատանքները շարունակվում են, գործընթացը կարելի է ասել իրականացվում է առանց խոչընդոտների։ Հիմա  ակտիվորեն պատրաստվում ենք խաղողի մթերման գործընթացին։ Վերամշակողների մոնիթորինգ է անցկացվել և այսօր պատրաստ են ընդունել մինչև 140 հազար տոննա խաղող։ Արդեն երեք գործարան սկսել է աշխատանքը և շուրջ 1400 տոննա խաղող մթերվել է։ Մթերումներն սկսել են Պռոշյանի կոնյակի գործարանը, Արարատի մարզում «Տավինկո» ընկերությունը, Իջևանի գինու գործարանը՝ Արմավիրի մարզում։ Սեպտեմբերի 15-ից էլ մթերումները կսկսի Երևանի կոնյակի գործարանը»,- մանրամասնեց Մակարյանը։

Մակարյանի խոսքով՝ այս տարի հիմնական մասով վճարումներն իրականացվում են, կան որոշ ընկերություններ, որոնք պարտքեր ունենեն, բայց դրա լուծման հետ կապված կառավարությունն առաջարկել է ագրովերամշակման ոլորտի մատչելի վարկավորման ծրագիրը, որը վերամշակողին հնարավորություն է տալիս 3 տոկոսով վարկ ստանալ՝ մինչև մեկ տարի մարման ժամկետով, մնացածը սուբսիդավորվում է պետության կողմից։

Անդրադառնալով արտահանումներին, գյուղատնտեսության փոխնախարարը տեղեկացրեց, որ արդեն հանրապետությունից արտահանվել է շուրջ 78 հազար տոննա պտուղ-բանջարեղեն. «Արտահանումների գործընթացը շարունակվում է, ինչպես միշտ հիմնական մասը բաժին է ընկնում ռուսական շուկային, 74 հազար տոննա արտահանվել է ՌԴ, 3500 տոննա՝ Վրաստան, արտահանվել է նաև ԱՄԷ, Ուկրաինա, Բելառուս»։

Vesti.am