ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ իրականցվող ծրագրի շրջանակում մշակվել է երեխայի ծննդյան միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացի հեշտացումը։ Այսուհետ հնարավոր կլինի ՔԿԱԳ տարածքային մարմնում երեխայի ծնունդը գրանցելու հետ մեկտեղ լրացնել նաև երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմում։
Սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ այն կհեշտացնի նպաստ ստանալու գործընթացը և քաղաքացին այսուհետ ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար ստիպված չի լինի նպաստը ստանալու դիմում ներկայացնելու համար մի քանի մարմին այցելել, այլ պարզապես դիմում կներկայացնի ՔԿԱԳ տարածքային բաժին։
«Առաջիկայում նաև նոր ծառայություններ ենք նախատեսում ընդգրկել այս ցանկում, մասնավորապես, խնդիր ունենք ոչ միայն առաջին, երկրորդ երեխայի, այլև երրորդ և հարջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելու։ Գիտեք, որ երրորդ երեխայի միանվագ նպաստը տրամադրելու համար շատ ավելի տեղեկատություն է անհրաժեշտ ներկայացնել։ Հիմա խնդիր ունենք, քանի որ նախկին տեղեկատվությունը ՔԿԱԳ մարմիններում դեռևս թվայնացված չէ, հետևաբար դեռևս փաստաթղթային ներկայացումներ են պահանջվում, բայց ԱԴ նախարարության հետ նախատեսել ենք աշխատանքները համատեղ շարունակել և 2018 թվականի հունվարից անցում կատարել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելուն», - ամփոփելով 2017 թվականի հունիսի 1-ից երկու ՔԿԱԳ տարածքային մարմիններում փորձնական հիմունքներով մեկնարկած երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմումների լրացման ծրագրի առաջին փուլը՝ տեղեկացրեց Արտեմ Ասատրյանը։
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոնի խոսքով էլ՝ իրենք հաջողված են համարում ծրագիրը:
«Ուրախ ենք, որ մասնակից ենք եղել դրա կյանքի կոչմանը»:
Համաձայն ծրագրի՝ դիմողն ինքն է որոշելու, թե ինչ եղանակով և որտեղից է ուզում ստանալ նպաստը։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցութամբ և իրականացվել «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարն իրականացնելու արդյունքում ԵՄ օժանդակությամբ։
Vesti.am