ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 7-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը:
«Սահմանամերձ համայնքներին աջակցության մեր ժամանակահատվածն, ըստ օրենքի, 2018 թվականի հունվարի մեկով ավարտվում էր. կառավարությունն այս որոշմամբ փոփոխություն է իրականացնում և սահմանամերձ բնակավայրերի աջակցությունն առկա հիմնական կետերով շարունակելու է մինչև 2021 թվականը: Այսինքն՝ այս բոլոր արտոնությունները պահպանում ենք, որ սահմանամերձ բնակավայրերում հեշտացնենք ապրելը»,-ասաց նախարարը՝ անհրաժեշտ համարելով, որպեսզի նախագիծը ԱԺ ուղարկելուց հետո մինչև տարեվերջ ընդունվի:
Դավիթ Լոքյանը հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, խոսքը շուրջ մեկ միլիարդ դրամ գումարի մասին է:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է հիշում, որ վերջին սակագնային փոփոխության ժամանակ 50 տոկոսի սուբսիդավորման բեռը թողել էին գազ մատակարարող ընկերության վրա և դա բյուջեի վրա չէ: Նախարարը հաստատեց դա՝ ավելացնելով, որ դա վերաբերում է նաև էլեկտրաէներգիային, իսկ ջրի հարցում փոխհատուցում չի եղել:
Vesti.am