Foto

Վարչապետը հանձնարարեց կրճատել գինեգործության ոլորտի արտահանումների ԱԱՀ-ի վերադարձման ժամկետը

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր գինեգործության ու խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետին: Վարչապետը նկատեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում:

«Մենք հսկողություն ենք սահմանել և այդ կարգապահությունը խիստ պաշտպանվում է»,-ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հայտնեց, որ կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ հանդիպմանը բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ վերադարձի ժամկետի ընդհանուր տևողության հարցը: Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետում սահմանելու ու կազմակերպելու վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարարին վարչապետը հանձնարարեց ՊԵԿ-ին ներկայացնել արտահանողների ցուցակը, իսկ ՊԵԿ նախագահին հանձնարարեց հատուկ ռեժիմ սահմանել մթերման այս ժամանակահատվածում:

«Մենք նաև ստեղծել ենք իրենց համար 3 տոկոսանոց դրամավարկային ռեսուրս, որպեսզի մթերումը անցկացնենք մաքսիմալ արագ և արդյունավետ»,-ասաց վարչապետը:

Vesti.am