Foto

Վարչապետը հանձնարարեց գույքագրել քաղաքային անհրապույր օբյեկտները

Կառավարության հերթական նիստում քննարկման դրվեցին հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտները: Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով խնդրին՝ ընդգծեց, որ տարբեր բնակավայրերում, հատկապես, քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր:

«Այս օբյեկտների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, զբոսաշրջության համար ավելի գրավիչ միջավայր ձևավորելու համար հանձնարարում եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին համատեղ մեկամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ՀՀ քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողմասային տարածքները»,-նշեց վարչապետը:

Գործադիրի ղեկավարը հանձնարարեց երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել կառավարությանն այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ` գործող օրենսդրությանը համապատասխան: