Foto

Արթուր Ալեքսանյան. յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է

Օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ յուրաքանչյուր տիտղոս իր համար առանձնահատուկ է և ինքը կշարունակի համալրել չեմպիոնական հավաքածուն:

«Հաղթանակներից ես չեմ հագեցել և մինչև 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր ձգտելու եմ հաղթել բոլոր մրցաշարերում: Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է: Նախկին կանոններով ըմբշամարտն ավելի դիտարժան էր, բայց ինչ կանոններ էլ ընդունեն, մենք պետք է ոսկու համար պայքարենք:

Շատ ուրախ եմ Մաքսիմ Մանուկյանի համար: Շնորհավորում եմ ընկերոջս և հետագա հաջողություններ մաղթում: Իր տարիների աշխատանքով նա արժանի էր չեմպիոնական տիտղոսին: Ինչ վերաբերում է վրացի ըմբիշի հետ գոտեմարտին, գորգի վրա ամեն ինչ ասվեց: Ժամանակ քիչ էր մնում, բայց ես վստահ էի, որ կվերցնեմ որոշիչ միավորները»:

Աշխարհի չեմպիոնը խոսել է նաև երկրպագուների ցուցաբերած հրաշալի աջակցության մասին.

«Տրիբունայում ներկա գտնվողների երևի կեսը հայեր էին: Նրանք ամբողջ հոգով երկրպագում էին մեզ և դա շատ էր ոգեշնչում»,-ասել է Արթուր Ալեքսանյանը: