Foto

«Microsoft» ընկերությունը «Windows 10»-ում ներդնելու է հայացքով կառավարելու գործառույթ

«Windows 10»-ում կավելանա «Eye Control» գործառույթը, որը շարժողական համակարգի խանգարումներ ունեցող օգտատերերին օգնում է կառավարել համակարգիչը։

«Windows Insiders» ծրագրի մասնակիցներն արդեն կարող են փորձարկել այս հնարավորությունը, իսկ պաշտոնապես այն կթողարկվի «Windows 10 Creators Update»-ի հետ՝ այս տարվա աշնանը։ «Microsoft»-ի նպատակն է, որ օգտատերերը կարողանան առավելագույնս օգտագործել «Windows»-ի հնարավորություններն առանց կառավարման ավանդական միջոցների գործածման։

«Eye Control» հավաքածուի գործառույթներից մեկը կփոխարինի համակարգչային մկնիկին, մյուսները՝ ստեղնաշարին։ «Shape-writing» ճանաչման նորարարական միջոցի շնորհիվ հնարավոր է աչքի շարժումներով արագ հավաքել տեքստը․ նայելով վիրտուալ ստեղնաշարին՝ օգտատերը հայացքը պահում է բառի առաջին տառի վրա, իսկ հետո կարող է արագ աչքերը շարժել դեպի մյուս տառերը։

Դա շատ ավելի արդյունավետ է, քան մեկական տառով տեքստի հավաքումը, որը պահանջում է հայացքը երկար պահել յուրաքանչյուր տառի վրա։ «Eye Control»-ի օգտատերերի համար նաև հասանելի կլինեն հուշումներ, որոնք ավելի կհեշտացնեն հայացքով տպելը։

Համակարգի նոր գործառույթներն օգտագործելու համար պահանջվում է «Tobii» ընկերության «Eye Tracker 4C» տեսախցիկ։

Vesti.am