Foto

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության հաղթողները պարգևատրվեցին. ֆոտոշարք

ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  կողմից իրականացրած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016 թվականի մրցանակաբաշխության հաղթողները «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «ԼՂՀ և ՀՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում», Սփյուռքի լրատավամիջոցների մրցույթ, «Սիրում եմ քեզ, ի՛մ հայերնիք»  մանկապատանեկան շարադրությունների մրցույթ անվանակարգերում  այսօր ստացան իրենց մրցանակները:

«Արդեն 7-րդ տարին է իրականացնում  ենք այս մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակը համայնքների աշխուժացումն է, ոգևորումը, համայնքներին դեպի հայրենիք ձգելը և դա անում ենք խոշոր կառույցներից մեկի՝ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ: Մեր նպատակն այն է, որ այս մրցանակաբաշխությանը շատերը մասնակցեն»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով, քանի որ 2016 թվականը կարևոր տարի էր մեր պետության համար՝ մրցանակաբաշխության անվանակարգերն էլ այդ սկզբունքով է ընտրվել:

«Այսօր ամփոփում ենք արդյունքները, սակայն այն շարունակական կլինի: Կարծում եմ՝ գնալով պետք է մրցանակաբաշխության և՛  աշխարհագրությունը ընդլայնվի, և՛ մասնակցիների թիվը»,- նշեց Հակոբյանը:

Նախարարը Vesti.am-ին տեղեկացրեց, որ մրցանակաբաշխության ընդհանուր ֆոնդը կազմել է  6մլն դրամ:

 Էլբակյանը Հասմիկը եկել էր ՌԴ  Նովոսիբիրսկի շրջանից, դասավանդում է տեղի կիրակնօրյա դպրոցում, կարևորում է նմանատիպ մրցանակաբաշխությունների կազմակերպումը: Համոզված է, որ դրանք նպաստում և ավելի են զարգացնում հայրենիք-սփյուռք կապերը:

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ Սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի միությանը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Արա Աբրահամյանն այսօր կապող օղակ է ոչ միայն  ՌԴ հայերի, այլև ամբողջ աշխարհի հայերի համար:  Այս մրցանակաբաշխությունը մեզ հնարավորություն է տալիս  աշխարհասփյուռ հայության հետ շփվելու, հաղորդակցվելու և մտքեր փոխանակելու, իսկ այդ գործում մեծ դերակատարում ունի հենց Արա Աբրահամյանը: Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ-ում եղել է միշտ մեր կողքին, ամեն հարցում մեզ աջակցել է, երբեք մերժում չենք ստացել: Նրանք մեզ ուժ են տալիս՝ նոր գաղափարներ իրագործելու համար»,-ասաց Հասմիկը:

 Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հաղթողներին:

 «Երբ բարձրունքից նայում ենք այս մրցանակաբաշխության իմաստին ու բովանդակությանը և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, կարծես թե,   հայապահպանության մրցանակաբաշխության շրջանակներն ընդլայնելու խնդիր է առաջանում»,-նկատեց Աղայանը:

Մերի Մխիթարյանը եկել էր մրցանակը ստանալու ՌԴ Սարատով քաղաքից: Նա մրցանակի էր արժանացել եռագույն տիկնիկների համար, որոնք ներկայացված են եղել հայկական տարազով:

«Երբ խոսում եմ Հայաստանի մասին, միանգամից պատկերացնում եմ Արարատը, գիտեմ, թե այն ինչքան կարևոր է հայերիս համար: Համոզված եմ՝ այն կվերադարձնենք, ժամանակի խնդիր է»,-ասաց Մերին:

Մրցանակաբաշխությունը 2010 թվականից Սփյուռքի նախարարությունն իրականացնում է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  հետ համատեղ: 2010-2016թթ. մրցանակաբաշխության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 877՝ 45 երկրից:

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Դուսյա Ղազարյան

Vesti.am