Foto

ԱՄՆ խաղաղության կորպուսի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԱՄՆ խաղաղության կորպուսի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Այն ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը և ԱՄՆ խաղաղության կորպուսի ծրագրերի և դասընթացների տնօրեն Ջինա Գրոթլուշնը:  Հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Հուշագրի ստորագրումն առկա հարաբերությունների վավերացում է և նպատակ ունի կյանքի կոչել այն համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն ԱՄՆ խաղաղության կորպուսի կողմից առաջ քաշված խնդիրների լուծմանը, որոնք հետաքրքիր են նաև մեզ համար»,- նշել է Արսեն Քարամյանը:

Ըստ նրա՝  Հայաստանում ԱՄՆ խաղաղության կորպուսը լուրջ առաքելություն է իրականացնում, ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ որպես երիտասարդության հետ աշխատող պետական լիազոր մարմին, հետաքրքրված է նրանց հայաստանյան գործունեությամբ և փոխլրացման ծրագրերով:

Ջինա Գրոթլուշնը նույնպես կարևորել է հուշագրի ստորագրումը, որը համահունչ է նախարարության քաղաքականությանը. «Մեզ համար կարևոր է հուշագիր ունենալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, քանի որ դրանով մեր գործունեությունը համաձայնեցվում է նախարարության քաղաքականությանը: Մեզ համար կարևոր է, որ այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք Հայաստանի երիտասարդների շրջանում, համահունչ լինեն նախարարության խնդիրներին և նպատակներին»:

Հավելենք, որ ԱՄՆ խաղաղության կորպուսի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև արդեն համագործակցության 4-րդ հուշագիրն է ստորագրվում: