Պորտուգալացի պաշտպան Պեպեն հաստատել է, որ այս ամառ կհեռանա Մադրիդի «Ռեալից»:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
«Ապագայիս շուրջ սկսել եմ մտածել դեռ հունվարից, երբ պայմանագրիս ժամկետի ավարտին կես տարի էր մնացել, իսկ ակումբը չէր շտապում նոր առաջարկ անել: Ես արդեն 10 տարի է՝ հանդես եմ գալիս «Ռեալում», ամբողջությամբ ինձ նվիրել եմ ակումբին: Բայց հասկանում եմ, որ իմ կարիերան այստեղ մոտեցել է ավարտին»,- Պեպեի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Ակումբը պատրաստ է 34-ամյա Պեպեին նոր պայմանագիր առաջարկել՝ մեկ տարով, բայց ֆուտբոլիստը 2-ամյա պայմանագիր է ցանկանում.
«Ակումբի քաղաքականության համաձայն, ինձ 1 տարվա պայմանագիր են առաջարկում: Իհարկե, կարելի է բանակցություններ վարել, բայց ես զգում եմ, որ ժամանակն է հեռանալու: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես դեռևս պայմանագիր չեմ կնքել այլ ակումբների հետ: Ես սպասում էի մրցաշրջանի ավարտին, քանի որ «Ռեալին» կարևոր խաղեր էին սպասում, և ես չէի ցանկանում ապակայունացնել իրավիճակը»,- ասել է Պեպեն:
Ավելի վաղ Պեպեն երկու տարվա պայմանագիր էր համաձայնեցրել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
Vesti.am









