Foto

Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-­ին աստիճանի մեդալով

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-­ին աստիճանի մեդալով:

Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ հպարտ է նախագահի կողմից պարգևատրվելու համար: Նա հույս է հայտնել, որ այն խթան կհանդիսանա հետագայում ևս շարունակելու նպաստել հայկական սպորտի զարգացմանը:

Մխիթարյանն անդրադարձել է նաև Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղից հետո Հայաստանի դրոշը խաղադաշտում բարձրացնելուն: Նա ընդգծել է, որ հայկական եռագույնը բարձրացնելը յուրաքանչյուրի պարտականությունն է:

«Ինձ համար միշտ պատիվ է տարբեր վայրերում բարձրացնել Հայաստանի դրոշը: Այդ գաղափարը ես վաղուց էի ցանկանում իրագործել և ի վերջո ստացվեց, քանի որ մենք կարողացանք հաղթել Եվրոպա լիգայում»,­-ասել է Մխիթարյանը:

Vesti.am