Չինաստանում ամռանը կմեկնարկի ջիու-ջիցու մարտարվեստի՝ «Աշխարհն ընդդեմ Չինաստանի» մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ:
Մրցաշարի առաջին փուլը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Հայաստանը ներկայացնող Միհրան Ենոքյանը մասնակցել է 4 մենամարտի և բոլոր մենամարտերում հաղթանակել: Երկրորդ փուլը կայացել է 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի մարտ ամիսը, որտեղ Միհրան Ենոքյանը մասնակցել է 5 մարտի և տարել 5 հաղթանակ:
Vesti.am-ի հետ զրույցում «Ջիու-ջիցու մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հարոյանն ասաց, որ մրցաշարի երրորդ փուլում Հայաստանը կներկայացնի երկու մարզիկ՝ 70 կգ քաշային կարգում Միհրան Ենոքյանն ու 75 կգ քաշային կարգում Դավիթ Անդրեասյանը, ովքեր ունեն լուրջ արդյունքներ:
Ֆեդերացիայի նախագահը վստահ է, որ մարզիկները վերադառնալու են լավագույն արդյունքներով, քանի որ նրանք ոչ միայն ստուգատեսի արդյունքում ճանաչվել են լավագույնը, այլ վերջին երկու ամսվա ընթացքում պարապել են իր հսկողության ներքո:
«Միհրան Ենոքյանի հետ վերապատրաստում ենք անցկացրել, որպեսզի մասնակցի Չինաստանում կայանալիք մարտեր առանց կանոնների մրցաշարին: Նա 9 անընդմեջ հաղթանակ է տոնել և մեր հայ ազգի դրոշը բարձր է պահել օտար երկրում: Սպասում ենք միանշանակ հաղթանակի»,- ասաց Տիգրան Հարոյանը՝ ընդգծելով, որ մարզիկները գտնվում են լավ մարզավիճակում և արտերկրում ելույթների փորձ ունեն:
Միհրան Ենոքյանը հաղթական է տրամադրված:
«Տրամադրված եմ շատ լավ, ունենալու ենք հաղթանակներ: Այնտեղ լինելու ենք 6 ամիս, ունենալու ենք լուրջ պարապմունքներ: 6 ամսվա ընթացքում ունենալու ենք մոտավորապես 15-20 մենամարտ: Չինացի մարզիկները շատ ուժեղ են և մենք լավ պատրաստված ենք, որպեսզի նրանց հաղթենք ու մեր դրոշը բարձր պահենք: Հուսով եմ, պատվով կվերադառնանք, ոչ թե հուսով եմ, այդպես էլ լինելու է: Այն արդյունք և այն ամենին, ինչ հասել եմ Շանթ Պետրոսյանի շնորհիվ է: Իրեն շատ սիրում ու հարգում եմ: Շնորհակալ եմ, Շանթ Պետրոսյան»,-ասաց Միհրան Ենոքյանը:
Ջիու-ջիցուի ֆեդերացիան Հայաստանում գործել է 1991-2002 թվականներին, այնուհետև որոշ ժամանակ ինչ-ինչ պատճառներով դադար է ունեցել, հիմա կրկին վերաբացվել է՝ Տիգրան Հարոյանի նախագահությամբ:
«Հիմա վերաբացվել է նոր ոգով, նոր շնչով առաջ ենք գնում»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:
Չնայած ջիու-ջիցուի մարզադահլիճները հիմա վերանորոգման գործընթացում են, բայց դա չի խանգարում, որպեսզի մարզիկները կրթվեն, մարզվեն և ունենան հաղթանակներ:
«Ջիու-ջիցու մարտարվեստը կոփում է ոչ միայն մարմինը, այլև հոգին, ուսուցանում է հոգեբանություն, փիլիսոփայություն, այնուհետև ինքնապաշտպանություն»,-վսհատեցնում է Տիգրան Հարոյանը:
https://www.youtube.com/watch?v=YTl2Po5iif4&feature=youtu.be https://www.youtube.com/watch?v=X0sVheQz_h4&feature=youtu.beՄերի Բալասանյան
Vesti.am