Փետրվարի 9-ին Մոսկվայում կայացել է պաշտոնական ընդունելություն ՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին։ Այս մասին տեեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ հյուրեր։
«Վերջին տարիներին բանակի հիմնական նվաճումներից են հիմնարար նոր, բարձրորակ զենքերով հագեցումը, զինծառայողների կամավոր ատեստավորման ծրագրերի հաջող իրականացումը, սերժանտական համակարգի ներդրումը, պարտադիր զինվորական ծառայության տևողության կրճատումը և թվայնացումը,-նշեց իր ելույթում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ հավելելով,-Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է 1997 թվականի օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա և ունի մի շարք պատմական և աշխարհաքաղաքական նախադրյալներ։ Սակայն այս փոխգործակցության հիմնական բաղադրիչը մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն է, մեր երկրների պատմական ընդհանրությունը և Հայրենական մեծ պատերազմում մեր համատեղ հաղթանակի անմար հիշողությունը»։
Ընդունելության ժամանակ ելույթ ունեցան նաև դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը և ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։









