Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային», որին հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 4:2:
Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց:
Երկրորդ կեսի մեկնարկից 8 րոպե անց Լևանդովսկին 11 մետրանոցից դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը:
76-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց Ռամոսը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
84-րդ րոպեին Արթուրո Վիդալը 2-րդ դեղին քարտով հեռացվեց խաղադաշտից: Թիմերը 1:2 հաշվով գնացին լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում «Ռեալն» անկասելի էր և կարողացավ խփել 3 գոլ:
Նախ 105-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացահայտ խաղից դուրս վիճակից գրավեց դարպասը, ապա 5 րոպե անց Մարսելոյի փայլուն անցումից հետո գնդակն ուղարկեց արդեն դատարկ դարպասը:
Երկու րոպե անց Մարկոս Ասենսիոն դրեց խաղի վերջակետը՝ 4:2:
«Արքայական» ակումբը նախորդ խաղում հաղթել էր 2:1 հաշվով: Զինեդին Զիդանի թիմը կիսաեզրափակչում է: