Երևանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբն այս տարի հանդես եկավ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ դուրս գալով փլեյ-օֆֆ, քառորդ եզրափակչում, հինգ հանդիպումների արդյունքով (2:3) զիջեց «Գոմելին», հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ «Արարատ» ակումբի ճակատագիրն անորոշ է։
«Ամեն ինչ կախված է ֆինանսներից: Մենք ակումբը մեր ուժերով ենք պահում, իսկ դա այնքան էլ հեշտ չէ: Բելառուսին զուգահեռ կա նաև Ռուսաստանի տարբերակը: Մենք կարող էինք խաղալ հոկեյի երիտասարդական լիգայում, բայց այնտեղ հեշտ չէ մտնել, պետք է մի շարք պահանջների համապատասխանել»,-ասել է նա:
Ստեփանյանի խոսքով՝ օրերս «Սոչի» հոկեյի ակումբի գործադիր տնօրեն Սերգեյ Վորոպաևը հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված է հայ հոկեյիստների ներգրավմամբ:
Նա նաև նշել է, որ ապրիլի 10-16-ը Սոֆիայում անցկացվելիք տափօղակով հոկեյի երրորդ դիվիզիոնի աշխարհի առաջնությանը Հայաստանի թիմը կարող էր հանդես գալ։
«Մենք կարող էինք այնտեղ խաղալ և հաղթելու մեր հավանականությունները բավականին բարձր կլինեին: Բայց ցավոք սրտի, տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիան, հոկեյիստների անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված հարցրերը մինչև հիմա չի կարողացել լուծել»,- նշել է Ռուբեն Ստեփանյանը:









