Foto

Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտում են երևանյան ուսումնամարզական հավաքը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ այսօր ավարտում է երևանյան ուսումնամարզական հավաքը, հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Մեր ընտրանին նախապատրաստվում է մայիսի 2-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ հավաքի վերջին օրն առավոտյան ըմբիշներն աշխատել են գորգում, իսկ երեկոյան, ընդհանուր ֆիզպատրաստությունը բարձրացնելու նպատակով բասկետբոլ են խաղում, ճիշտ է, որոշակիորեն ըմբշամարտի կանոններով.

«Այս հավաքը հիմնականում նվիրված էր ըմբիշների ակտիվության բարձրացմանը, տեխնիկատակտիկական հնարքների մշակմանը, Կիևի միջազգային մրցաշարում նկատված թերությունները, տեխնիկական խոտանները վերացնելուն:

Մարտի 26-ից ապրիլի 8-ը ևս մեկ հավաք ունենք Ծաղկաձորում, այնուհետև՝ Մինսկի «Ստայկի» մարզաբազայում, որից հետո կմեկնենք Եվրոպայի առաջնություն», - ասել է նա:

Հավաքականի մարզիչներն արդեն գիտեն, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու Եվրոպայի առաջնությունում, սակայն Գևորգ Ալեքսանյանը ձեռնպահ մնաց անուններ հրապարակելուց.

«Դա գլխավոր մարզչի անելիքն է: Կարծում եմ՝ Լևոն Ջուլֆալակյանը համապատասխան հայտարարություն կանի արդեն ծաղկաձորյան հավաքի ավարտին»,- նշել է մարզիչը:

Vesti.am