Foto

Սահակաշվիլիի կողմնակիցների կուսակցությունը կմասնակցի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմակիցների կուսակությունը) կմասնակցի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին: Այդ մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Դավիթ Բակրաձեն՝ փոխանցում է «Interfax»-ը:

«Ստեղծված իրավիճակում, երբ երկրի միակ արևմտամետ ուժը «Միացյալ ազգային շարժումն» է, ես շատ լավ եմ հասկանում մեր ընտրողներին: Մենք Իվանիշվիլիի («Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ) ռեժիմին այդպիսի ճոխություն թույլ չենք տա, որպեսզի այն երկրում  միակուսակցական կառավարում ստեղծի: Մենք չէինք կարող հրաժարվել այդպիսի կարևոր ինստիտուտի պայքարում մասնակցություն ունենալուց, ինչպիսին խորհրդարանականն է»,- ասել է Բակրաձեն:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի երեկոյան հաշվել  և  հրապարակել է հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 100 տոկոսի  նախնական արդյունքները:

Համաձայն այդ տվյալների՝  ընտրական շեմը հաղթահարել է երեք կուսակցություն.«Վրացական երազանքը» հավաքել է 856762 քվե կամ ընտրողների ձայների 48,65 տոկոսը: Երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժումը», որի օգտին քվեարկել է 477596 մարդ, որը կազմում է ընտրողների ձայների 27,12 տոկոսը: «Հայրենասերների ալյանսը» հավաքել է 88109 ձայն, որը կազմում է ընտրողների ձայների 5 տոկոսը:

Vesti.am