Foto

Վրաստանում մեծացել է ադրբեջանաթուրքական գործոնը

Երեկ՝ սեպտեբերի 28-ին,  Թբիլիսիում աննախադեպ ակցիաներ են իրականացվել «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության ակտիվիստների կողմից:

Հարյուրավոր երիտասարդներ Աղմաշենեբելի պողոտայում հարձակում են գործել թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր են արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել են բոլոր թուրքական գովազդային վահանակները՝ միաժամանակ թալանելով խանութները: Այդ ամենն ուղեկցվել է «Կեցցե՜ ազգը, մահ թշնամուն» վանկարկումներով:

Վրացագետ Ալիկ Էրոյանցը Vesti.am-ի հետ զրույցում ասել է, որ դեպքին ծանոթ է միայն մամուլի հրապարակումներից:

Նրա խոսքով՝ «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպությունը նմանատիպ վարքագծով  նախկինում  ևս  աչքի է ընկել:

-Նրանք նախկինում  հարձակվել են ոչ միայն թուրքական, այլև արաբական ռեստորանների, խանութների վրա: Պարզապես այն ժամանակ քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Իսկ այս դեպքի առնչությամբ գործ է հարուցվել  և կազմակերպության 11 անդամ ձերբակալվել է: Կարծում եմ, հետաքննությունը կպարզի իրական պատճառները,- ասել է վրացագետը:

Սակայն, ըստ էրոյանցի, եթե վերլուծելու լինենք, ապա պատճառներից մեկը կարող ենք կապել  վրաց-թուրքական ազգայնական տրամադրությունների հետ:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Վրաստանում մեծացել է ադրբեջանաթուրքական գործոնը  և, բնական է, որ այդ ամենը  պետք է  իր բացասական ազդեցությունն  ունենար ազգայնական հատվածի վրա:

-Բախումը կարող է նաև պայմանավորված լիներ նախընտրական շրջանով: Կարծում եմ, որ դա ուղղված է իշխանությունների դեմ: Երկրում ցանկացած անկայունություն այս պահին ձեռնտու չէ հենց իշխանություններին: Եթե հիշենք, որ մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին, որ Բաթումում թուրքական դպրոց է բացվել՝ առանց համապատասխան մարմինների թույլատվությունը ստանալու, ապա դա կարելի է կապել նաև դրա հետ, քանի որ թուրքերն ապօրինաբար դպրոց են կառուցել իրենց երկրում: Վրաստանում Թուրքիայի հյուպատոսն էլ հաստատել էր, որ իսկապես, դպրոցը կառուցվել է թուրքական իշխանությունների կողմից և առանց թույլատվության,- շեշտել է նա:

Այն հարցին, թե ի՞նչ մակարդակում են գտնվում այսօր  վրաց-թուրքական հարաբերությունները, էրոյանցը նշել է, որ վերջին 10-12 տարվա ընթացքում բավականին ակտիվացել են շփումները, դրա ֆոնին մեծ զարգացում է գրանցել նաև Բաքուն:

-Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, իսկ Ադրբեջանը բացի առևտրային գործընկեր լինելուց, նաև Վրաստանի էներգետիկ ռեսուրսների մատակարարն  է: Եվ բնական է, որ Վրաստանի համար Ադրբեջանն ու Թուրքիան շատ կարևոր և առաջնային գործընկերներ են,- ավելացրել է նա:

Vesti.am