Foto

Վարչապետ փոխելով՝ ոչինչ չի փոխվի

Սեպտեմբերի 8-ի կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Վարչապետի հրաժարականի մասին Vesti.am-ը զրուցել է  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Հովիկ  Աբրահամյանն իր հրաժարականի ուղերձում ասում է, որ այս տարիների ընթացքում անընդհատ անջրպետների  դեմ  պայքար է մղել: Դրանք որո՞նք են, կարո՞ղ ենք այսօր հաստատապես մատնանշել այդ անջրպետները:

-Նա ասում է, որ քաղաքական հատվածների միջև անջրպետները փորձել է հաղթահարել և բոլորի հետ կամուրջներ ստեղծել, համագործակցել: Դժվար է ասել՝ դա այդպես է, թե՝ ոչ: Իր վարչապետ ընտրվելուց հետո մենք հանդիպեցինք և ես ներկայացրի մեր կուսակցության վերլուծությունները մի շարք բնագավառների վերաբերյալ: Այն ժամանակ նա բոլորի հետ համաձայնեց, բայց անցավ մի որոշ ժամանակ և իմ նշած ոչ մի խնդիր չլուծվեց: Իսկ դա քաղաքական կուսակցության  դիրքորոշումը չէր, այլ կուսակցության կողմից  ներկայացված առաջարկներ, որոնց արդյունքում կարող էր բարելավվել հասարակության վիճակը: Եթե անջրպետը Հ.Աբրահամյանը պատկերացնում է զուտ ընդդիմություն-իշխանություն հասկացության մեջ, ապա մենք այդ ամենն այլ կերպ էինք պատկերացնում:

-Երևի նկատի ուներ ոչ թե ներքաղաքական համերաշխությունը, համաձայնությունը, այլ երկրում տիրող կոռուպցիան, արտաքին քաղաքական մարտահրավերները… Դուք դա Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին նկատել ե՞ք:

-Մեր քաղաքական համակարգը, ցավոք, այնպիսին է, որ վարչապետը, եթե անգամ շատ է ցանկանում,  չի լուծում այն խնդիրները, որոնք ի պաշտոնե պետք է լուծեր: Եթե համապատասխան գործառույթները վարչապետին տրված չեն, այդ դեպքում նրանից էլ ի՞նչ ենք պահանջում:

-Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ անողոք պայքար է հայտարարում կոռուպցիայի դեմ, միևնույն ժամանակ ուղերձում նշում է, որ հասարակության մեջ բևեռացվածությունը պայմանավորված է արտաքին քաղաքական վտանգներով, ռազմական մարտահրավերներով:

-Ասում անողոք պայքար հայտարարել կոռուպցիայի դեմ, դա նույնն է, ինչ ասենք Հայաստանը պատերազմ հայտարարի Չինաստանին:

Վարչապետը դա ասելով,  նկատի ունի այսօրվա շրջափակումը, խոսքն այստեղ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական մարտահրավերների մասին է: Բայց դա նշանակում է, որ  արտաքին այդպիսի մարտահրավերների պայմաններում  երկրի ներքին կայունության խնդիրն ավելի է հզորանում:   Ուղերձում մի բառ չկա արտագաղթի մասին: Միայն խոսվում է արվածների մասին:  Սերժ Սարգսյանը մի կողմ պետք է չկանգնի  և ասի տեսեք՝ կառավարությունը չկարողացավ կատարել իմ հանձնարարությունները, ես այն փոխում եմ: Այս վիճակի համար միայն Աբրահամյանը չի մեղավոր:

-Հովիկ Աբրահամյանն ուղերձում ասում է, որ իր հրաժարականով հնարավորություն է տալիս երկրի նախագահին նոր կառավարություն ձևավորելու: Եթե հրաժարականը չլիներ, երկրի նախագահը կազատե՞ր նրան:

-Հավանաբար, նրանք համաձայնության եկել են: Ես այլ հարց կտայի. իսկ նոր չէ՞ր այսօրվա կառավարությունը: Վարչապետ, նախարար փոխելուց ոչինչ չի փոխվի, եթե վարչապետը չի բերում նոր գաղափարախոսություն, որն էապես տարբերվում է նախորդից: Պետք է քայլ առ քայլ փոխվի համակարգը, ամբողջ գաղափարախոսությունը: Մարդիկ պետք է սկսեն հավատալ, որ իրենք ապրում են մի պետությունում, որտեղ պաշտպանվում են  իրենց շահերն ու իրավունքները: Մեր վարչապետերից ոչ ոք էապես հետք չթողեց, որ նրանց  հիշեն ու շնորհակալություն հայտնեն: Դա   կապված է համակարգի, այլ ոչ թե անձերի հետ:

-Հուլիսյան դեպքերից հետո անընդհատ խոսվում էր «Ազգային համաձայնության» կառավարության մասին: Պարոն Աբրահամյանն էլ ամեն առիթով շեշտել  է, որ ինքն այդ համաձայնության «մերանն» է: Հիմա, եթե ստեղծվելու է «Ազգային համաձայնության» կառավարություն, Հովիկ Աբրահամյանն այդտեղ, իրո՞ք, անելու բան չուներ:

-Իսկապես, Հովիկ Աբրահամյանը միշտ փորձել է բոլորի հետ համագործակցել: Եթե նոր վարչապետը գալիս է իրեն թելադրված կազմով, ապա իր դերը դարձյալ մնում է որպես տնտեսական կառավարչի: «Ազգային համաձայնության» կառավարությունը պետք է ձևավորվի ոչ թե վերևից, այլ քաղաքական կուսակցությունները համադրեն իրենց հիմնական դրույթները և   համաձայնության գան:

Vesti.am