Foto

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է։ Օրվա նպատակն է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների, դրանց կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը։

2026 թվականին Սրտի համաշխարհային ֆեդերացիան շարունակում է «Բաց մի թող սրտի ոչ մի զարկ» համաշխարհային արշավը՝ այս տարի շեշտադրելով այն հանգամանքը, որ սրտանոթային հիվանդությունները կարող են երկար ժամանակ մնալ աննկատ։

Արշավը կոչ է անում ճանաչել նույնիսկ այն նշանները, որոնք հեշտ է անտեսել, հոգ տանել սրտի առողջության մասին և ժամանակին դիմել բժշկական օգնության։

«Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան առաջատար պատճառը աշխարհում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին գնահատականների համաձայն՝ 2022 թվականին սրտանոթային հիվանդություններից մահացել է շուրջ 19.8 միլիոն մարդ, ինչը կազմել է աշխարհում գրանցված բոլոր մահերի մոտ 32 տոկոսը։ Այդ մահերի շուրջ 85 տոկոսը պայմանավորված է եղել սրտամկանի ինֆարկտով և ինսուլտով։ Սրտանոթային հիվանդություններից մահերի ավելի քան երեք քառորդը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի տվյալներով՝ սրտանոթային հիվանդությունները տարեկան խլում են ավելի քան 20 միլիոն մարդու կյանք, մինչդեռ դրանց հետ կապված մահերի զգալի մասը հնարավոր է կանխարգելել կամ նվազեցնել դրանց ռիսկը։ Հայաստանում ևս սրտանոթային և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից»,-նշում են ԵՊԲՀ-ից։

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ՝ 2025 թվականին Հայաստանում մահացել է 25 564 մարդ, որոնցից 13 125-ը՝ 51.3 տոկոսը, մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով։ Այս հիվանդություններին բաժին է ընկել երկրում գրանցված մահերի ավելի քան կեսը։ Միևնույն ժամանակ ցուցանիշը 2024 թվականի համեմատ նվազել է 2.7 տոկոսով։ Տվյալները հիմնված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վրա։ ԱՀԿ-ի՝ Հայաստանի առողջապահական համակարգի գնահատականում ևս նշվում է, որ ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են երկրում մահերի գերակշիռ մասը։ Սրտանոթային հիվանդությունների հիմնական ռիսկերի շարքում առանձնացվում են զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը և ոչ առողջ սննդակարգը։ Սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդեցություն ունեն մի շարք փոփոխելի ռիսկի գործոններ՝ ծխախոտի և նիկոտինային արտադրանքի օգտագործումը, անառողջ սննդակարգը և աղի չափից ավելի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի վնասակար օգտագործումը, ավելորդ քաշն ու ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի բարձր մակարդակները, ինչպես նաև օդի աղտոտվածությունը։

Սրտի համաշխարհային ֆեդերացիան ընդգծում է, որ սրտանոթային հիվանդություններից մահերի շուրջ 80 տոկոսը կապված է կանխարգելելի կամ վերահսկելի ռիսկի գործոնների հետ։ Մասնագետների գնահատմամբ՝ առօրյա կենսակերպում նույնիսկ փոքր փոփոխությունները՝ ավելի շատ ֆիզիկական ակտիվությունը, առողջ սննդակարգը, ծխախոտից հրաժարվելը, զարկերակային ճնշման, գլյուկոզայի և խոլեստերինի պարբերական վերահսկումը, կարող են կարևոր դեր ունենալ սրտի առողջության պահպանման գործում։ Սրտանոթային հիվանդությունները միշտ չէ, որ սկսվում են արտահայտված ախտանշաններով։ Այդ պատճառով մասնագետները կարևորում են օրգանիզմի ազդակների նկատմամբ ուշադրությունը և կանխարգելիչ բժշկական զննումները։ Յուրաքանչյուր զարկ կարևոր է։ Ռիսկերի ճանաչումը, առողջ ապրելակերպը և անհրաժեշտության դեպքում բժշկին ժամանակին դիմելը կարող են նպաստել սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը և ծանր բարդությունների ռիսկի նվազեցմանը։