Foto

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն առաջիկայում չի վերանորոգվի

Արթուր Ալեքսանյանի օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո համացանցում նրա մարզադպրոցի անմխիթար պայմանները ներկայացնող լուսանկարներ հրապարակվեցին: Vesti.am-ը Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Գյումրու մարզադպրոցի վերանորոգման խնդրի մասին զրուցել է Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանի հետ:

-Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք սկսել մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները:

-Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները նոր չէ, որ առաջնահերթ են: Եթե դուք ուսումնասիրեք նախարարության վերանորոգման ծրագիրը՝ կտեսնեք,  որ այդ դպրոցը երկար տարիներ առաջին համարի տակ է: Չգիտեմ ինչու ծրագիրը չի իրականացվել, երևի գումարների հետ է կապված:

-Չեն հայտնել ձեզ, թե ե՞րբ են նախատեսում աշխատանքներն իրականացնել:

-Տարբեր կազմակերպություններից եկել, չափել, ձևել են, այնպես չէ, որ չեն հետաքրքրվել: Վերջերս համահայկական հիմնադրամից կրկին եկան: Իրենք էլ նորից նկարեցին, նորից ասացին, որ իրենց հոգաբարձուների հետ քննարկելուց հետո մեզ  տեղյակ կպահեն: Քաղաքաշինության նախարարությունից էին մարզային սպորտի բաժին զանգահարել, հետաքրքրվել:

-Այսինքն, այժմ կոնկրետ քայլեր  դեռևս չկան:

-Դեռ ո՛չ:

Vesti.am