Սեպտեմբերի 25-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աջափնյակ վարչական շրջանում գործող «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնների մեկը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում՝ Մարգարյան 19/3 հասցեում գործող «Վիվա Արմենիա» սպասարկման կենտրոնից գողություն է կատարվել։
Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են մուտքի դուռը, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել մոտ 25 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ սպասարկման սրահի աշխատակիցը հայտնել է, որ իրենց պատճառվել է 4 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված սպասարկման կենտրոնը հսկվում է «Քինգ Մարշալ» ընկերության կողմից









