«Սյամոզերո» մանկական առողջարանական ճամբարի մասնակիցները հունիսի 18-ին նավակներով փոթորկի են հանդիպել Կարելիայի Սյամոզերո լճում, հայտնում է tass.ru-ն:
Տուրիստական խմբի կազմում եղել է 47 երեխա և 4 մեծահասակ: Հետաքննությունը հայտնել է 14 զոհված երեխայի մասին: Նախագահին առընթեր երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովի խոսքով՝ լճում հայտնաբերվել է 15 երեխայի մարմին, սակայն ավելի ուշ Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը հայտարարել է, որ ներկայում հայտնի է 13 երեխայի զոհվելու մասին, ևս մեկ երեխայի որոնումները շարունակվում են: Զոհված երեխաները 12-13 տարեկան են, որոնցից 11-ը տղաներ են, 3-ը՝ աղջիկներ:
Տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ («Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին, որը դառնում է երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ»): Հետաքննության շրջանակում ձերբակալվել է հինգ մարդ՝ այդ թվում նաև «Սյամոզերո» մանկական առողջարանական ճամբարի տնօրենն ու նրա օգնականը:
Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը Սյամոզերոյում երեխաների զոհվելու կապակցությամբ հունիսի 20-ը սգո օր է հայտարարել: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Vesti.am