Foto

Արթուր Դանիելյանը դասական քաղաքական բանտարկյալ է. Տիգրան Աթանեսյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գործով առաջին դատական նիստն է։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, թե Արթուր Դանիելյանը դասական քաղաքական բանտարկյալ է։

«Եթե նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում է հետապնդում, ապա անպայման ինչ-որ մի հիմար բան են հնարում՝ չարաշահում, փողերի լվացում և այլ։ Այս դեպքում մարդուն ֆեյսբուքյան գրառման համար, որը խուլիգանության ոչ մի տարր չի պարունակում, որևէ կերպ չի վարկաբեկում ինչ-որ գերատեսչության, կալանավորում են միջին ծանրության արարքի համար»,-ասաց Աթանեսյանը։

Նա նշեց, թե Արթուր Դանիելյանի հաղորդակցությունն ամբողջությամբ արգելել են։

«Նույնիսկ երեխաներին չեն թույլատրում տեսակցել։ Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»։

Ինչ վերաբերում է դատարանից ակնկալիքներին՝ փաստաբանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե քաղաքական պատվերն ինչ սահմաններ ունի.

«Եթե արդարադատության մի փոքր նշույլ լինի, ապա խափանման միջոցն առանց քննարկման պետք է փոխվի»։