Foto

Ֆրանսիայում դեռահաս Նաել Մերզուկին գնդակահարած ոստիկանին կդատեն սպանության մեղադրանքով

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը երեքշաբթի որոշել է, որ 2023 թվականի հունիսին ճանապարհային ստուգման ժամանակ հյուսիսաֆրիկյան ծագում ունեցող 17-ամյա Նաել Մերզուկին գնդակահարած ոստիկանը պետք է դատարանի առաջ կանգնի սպանության մեղադրանքով, հայտնում է France 24-ը։

Դեռահասի մահը Փարիզի անբարենպաստ սոցիալական պայմաններ ունեցող արվարձաններում բազմօրյա անկարգությունների պատճառ դարձավ։

Վերսալի վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ մեղադրյալի դեմ կան «բավարար ապացույցներ», և մերժել է «մեղմացուցիչ հանգամանքը, որին հղում էր անում պաշտպանական կողմը»։ Այդ որոշումը հետագայում կարող է բողոքարկվել։

Մերզուկի մահից հետո սոցիալական ցանցերում տեսագրություն տարածվեց, որում երևում է, թե ինչպես է ոստիկան Ֆլորիան Մ.-ն բանուկ փողոցում ստուգման ժամանակ մոտ տարածությունից կրակում ավտոմեքենայի սրահում գտնվող դեռահասի վրա։ Տեղի ունեցածը բազմօրյա բողոքի ցույցերի պատճառ դարձավ։

Սկզբում ոստիկանությունը պնդում էր, որ Մերզուկը ավտոմեքենան ուղղել է ոստիկանի վրա։ Սակայն տեսագրությունը հերքեց այդ վարկածը. դրանում երևում է, թե ինչպես են երկու ոստիկան կանգնած անշարժ ավտոմեքենայի կողքին, ընդ որում՝ նրանցից մեկը զենքն ուղղել է վարորդի վրա։

Վերաքննիչ դատարանի որոշումը հերթական շրջադարձը դարձավ այս գործով իրար հակասող դատական որոշումների շարքում։ Ֆրանսիայում շատերի համար այս գործը դարձել է ոստիկանական բռնության խորհրդանիշ։

Ոստիկանը հինգ ամիս անցկացրել է նախնական կալանքի տակ, որից հետո՝ 2023 թվականի նոյեմբերին, ազատ է արձակվել։ Սկզբում նրան պետք է դատեին սպանության մեղադրանքով, սակայն նա բողոքարկել էր այդ որոշումը։

2026 թվականի մարտին վերաքննիչ դատարանը որոշել էր, որ գործը պետք է քննվի ավելի թեթև՝ մահվան հանգեցրած բռնություն գործադրելու մեղադրանքով՝ առանց երդվյալ ատենակալների մասնակցության դատարանում։ Հունիսին Ֆրանսիայի բարձրագույն դատական ատյանը բեկանել էր այդ որոշումը՝ ճանապարհ բացելով ոստիկանին սպանության մեղադրանքով դատելու համար։