Foto

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ցնցված է Nvidia-ի գործերին Թրամփի միջամտությունից

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ «ցնցված» է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միկրոչիպեր արտադրող ամերիկյան Nvidia ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու և ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Ջենսեն Հուանգի վերականգնմանը հասնելու որոշումից, հայտնում է dpa գործակալությունը։

«Անկեղծ ասած՝ դա ինձ ցնցեց, քանի որ, որքան հիշում եմ, նախկինում երբեք չեմ առնչվել և չեմ լսել կոնկրետ ընկերության գործերին քաղաքական գործիչների նման միջամտության մասին»,- երեքշաբթի Բեռլինում արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովում ասել է Վադեֆուլը՝ մեկնաբանելով Հուանգին վերադարձնելու Nvidia-ի որոշումը։

Երկուշաբթի Nvidia-ն անսպասելիորեն հայտարարել է Հուանգին պաշտոնում վերականգնելու մասին՝ փոխելով իր որոշումը նրա հեռանալուց երկու շաբաթ էլ չանցած։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Հուանգի առնվազն երկու արտամուսնական կապերի մասին, դրանց թվում՝ ենթադրյալ չինացի լրտեսի և Nvidia-ի աշխատակցուհու հետ։

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկել է Հուանգի վերադարձի օգտին՝ նրա հետ քննարկումներից ու հանդիպումներից, ինչպես նաև ԱՄՆ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո։

Թրամփն անմիջապես ողջունել է այդ որոշումը՝ իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակման մեջ այն անվանելով «ճիշտ և հիմնավորված»։ Նա հայտարարել է նաև, որ ԱՄՆ իշխանությունները «հիմքեր չունեն կարծելու, թե Ջենսենի վերադարձը Nvidia որևէ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար»։

Ավելի ուշ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը պնդել է, որ առանցքային դեր է խաղացել Հուանգին պաշտոնում վերականգնելու հարցում։ Թրամփի ասելով՝ ինքը թե՛ անմիջականորեն, թե՛ միջնորդների միջոցով շփվել է Nvidia-ի տնօրենների խորհրդի անդամների հետ և համոզել նրանց Հուանգին վերադարձնել գլխավոր տնօրենի պաշտոնին։

«Ես համոզեցի նրանց։ Ես գործարք կնքեցի»,- հայտարարել է Թրամփը։