«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի` կալանավայրում մահանալուց հետո դատարանը` դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, փոխել է նույն քրեական գործով անցնող 3 մեղադրյալների՝ Անի Քոչարյանի, Մայիս Ասուլյանի եւ Ապավեն Վարդանյանի խափանման միջոցները։
Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը, իսկ Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ կալանքը։ Դատախազությունը միջնորդել է երկարաձգել նշված խափանման միջոցների ժամկետները, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը եւ մեղմացրել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները»։ Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, իսկ կալանքի տակ գտնվող Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Սա եւս վկայում է, որ այս քրեական վարույթն ի սկզբանե անհիմն է եղել․ դրանով ուղղակի փորձել են կասեցնել Արսեն Գեւորգյանի ընտրությունը եւ հանգեցրել են մարդու մահվան:









