Foto

«Հրապարակ». Միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ անձից գնումների հարթակից տեղեկացանք, որ ՆԳՆ-ն նոյեմբերի 9-ին առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ և 176 մլն 32 հազար 56 դրամ գումար վճարել։ ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ ծառայության մատուցումը կապված է «Հայփաս» հարթակի` նոր անձնագրերի տպագրության հետ։ Այդ գումարով հոկտեմբերի 31-ին կառավարական շենքի ներքին բակում տեղի է ունեցել կենսաչափական անձնագրին նվիրված միջոցառում` համերգ, որի մեջ ներառվել են լուսային, ձայնային տեխնիկա, բեմի պատրաստում, ֆոտոզոնա, գորգեր, թարգմանչական սարքեր, մոնտաժ, ինչպես նաև՝ հրավիրատոմս և անձնագրային թեմատիկ դեկորի պատրաստում։ 

Անձնագրի դեկորները 20 հատ են եղել, յուրաքանչյուրի արժեքը՝ 800 հազար դրամ։ Սրանք Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրերի մակետներն են, որի մոտ լուսանկարվում էին պաշտոնյաները: Այսինքն, միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ։ 11 մլն դրամ էլ հատկացվել է որպես կազմակերպչական հոնորար։ «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2013-ին, սակայն մինչև 2025-ը պետական գնումներին չի մասնակցել։ Իսկ 2024-ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի 180 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրել ընկերությանը՝ տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գրության հիման վրա»։