Foto

Թուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը Երևանից

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի թռիչքը Երևանից հետաձգվել է։ Նշենք, որ նա այցով մեկնել էր Ադրբեջան, ապա՝ Հայաստան։ Երևանից Բեռլին վերադարձի թռիչքը հետաձգվել է ավելի քան մեկ ժամով՝ Թուրքիայի օդային տարածքի մի մասի անսպասելի փակման պատճառով, գրում է  ermenihaber.am-ը։

Նախատեսված էր, որ նախարարին և նրա պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը Երևանից Բեռլին պիտի թռչի նոյեմբերի 19-ի առավոտյան։ Սակայն Թուրքիայի որոշ օդային գոտիներ փակվել են թռիչքների համար։ Դրա հետևանքով անհրաժեշտություն է առաջացել կազմել թռիչքի նոր երթուղի։

Թուրքիայի օդային տարածքի փակման պատճառների վերաբերյալ առայժմ որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։