Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել համաձայնել եվրոպական երկրների մասնակցությամբ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, հաղորդում է dpa-ն։
«Ես ակնկալում եմ, որ Ռուսաստանի կառավարությունն ու նախագահը վերջապես կհամաձայնեն համատեղ բանակցություններ անցկացնել»,- հայտարարել է Մերցը լրագրողներին հինգշաբթի՝ Դուբլինում եվրոպական առաջնորդների գագաթնաժողովին ժամանելիս։
Երեքշաբթի և չորեքշաբթի Ուկրաինան ու Ռուսաստանը ԱՄՆ-ի միջնորդությամբ վերսկսել են պատերազմի ավարտի շուրջ ուղիղ բանակցությունները։ Հանդիպումները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ։
ԱՄՆ-ի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգշաբթի Մոսկվայում հանդիպել են Պուտինի հետ՝ նրան համոզելու համաձայնել ապագա խաղաղ բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությանը։
Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Եվրամիությունը ներկայացնողի հարցի շուրջ վերսկսված քննարկումների հետնապատկերին Մերցը որպես եվրոպական հիմնական մասնակիցներ նշել է Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։
Այդ երեք երկրները, որոնք հայտնի են որպես E3 ձևաչափ, մինչ այժմ համակարգել են Եվրոպայի հիմնական դիվանագիտական ջանքերը։ Որոշ դեպքերում նրանց միացել են Լեհաստանի կամ Իտալիայի ներկայացուցիչները։
«Ես բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում ներկայիս ձևաչափը պահպանելու հարցում»,- ասել է կանցլերը։
«Գլխավորն այն է, որ Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ և պատրաստ լինի երկխոսության։ Մնացած ամեն ինչ այդ ժամանակ իր տեղը կընկնի»,- հավելել է Մերցը։









