Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանն ու Բուլղարիան մաքուր էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փաստաթուղթը ստորագրվել է Անթալիայում COP31 կլիմայական համաժողովի շրջանակում և նախատեսում է չորս երկրի միջև «կանաչ» էներգետիկ միջանցքի զարգացում։
Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովան։
«Անթալիայում՝ COP31-ի շրջանակում, մենք կարևոր քայլ արեցինք ադրբեջանա-վրացա-թուրքա-բուլղարական կանաչ էներգիայի միջանցքի զարգացման ուղղությամբ՝ Բուլղարիայի, Վրաստանի և Թուրքիայի հետ ստորագրելով մաքուր էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր»,- գրել է Շահբազովը X սոցիալական ցանցում։
Ըստ նրա՝ նախաձեռնությունը հնարավարություն կտա վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի զգալի ներուժը կապել Թուրքիայի և Եվրոպայի շուկաների հետ, ամրապնդել տարածաշրջանային էներգետիկ կապերը և Ադրբեջանը վերածել միջտարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույցի։
Միջանցքի զարգացումը պետք է նպաստի վերականգնվող աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի փոխանցմանը Հարավային Կովկասից դեպի եվրոպական շուկաներ՝ Թուրքիայի տարածքով։ Նախագիծը նաև ուղղված է տարածաշրջանի երկրների միջև էներգետիկ համագործակցության ամրապնդմանը և «կանաչ» էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։









