Foto

2026 թվականը նշանակալի հանգրվան է ԵՄ հետ հարաբերությունների խորացման առումով. Մհեր Գրիգորյան

Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսաուղերձի միջոցով հանդես է եկել բացման խոսքով։ 

«2026 թվականը նշանակալի հանգրվան է ԵՄ հետ հարաբերությունների խորացման առումով։ Նախ կցանկանայի ընդգծել, որ մեր համագործակցության հիմքում ընկած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շարունակում է առանցքային դեր ունենալ ժողովրդավարական բարեփոխումների և ոլորտային համագործակցության զարգացման գործում։

Իր հերթին Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր թափ է հաղորդում այս համագործակցությանը՝ Համաձայնագիրը դիտարկելով որպես երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումների պլան։

Վստահ եմ, որ քննարկումների ընթացքում անդրադարձ կարվի նաև այս տարի Երևանում կայացած Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովին։ Պատմական այս իրադարձության արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և բարեփոխումների օրակարգին ԵՄ աջակցության հանձնառությունը։

Իհարկե, մեր ձեռքբերումների արդյունավետ իրագործումը պահանջում է շարունակական աշխատանք, թափանցիկություն, բարեփոխումների մշտադիտարկում և հանրային հաշվետվողականության ամրապնդում։ Այս համատեքստում կցանկանայի առանձնակի կարևորել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի դերակատարումը՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ինստիտուցիոնալ մեխանիզմի։ Ձեր մասնագիտական կարծիքները և զեկույցները մեծապես օգտակար են խնդիրների բացահայտման, առաջընթացի գնահատման, լուծումների և հետագա անելիքների նախանշման գործում»,- նշել է Գրիգորյանը։