Foto

Կալանքը Հայաստանում վերածվել է չարիքի. Արամ Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն անդրադարձել է կալանքի տակ գտնվող Արսեն Գևորգյանի մահվանը՝ նշելով, որ Հայաստանում կալանքը վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև չարիքի։

«Տևական ժամանակ է, ինչ ուղիղ խոսում ենք այն մասին, որ կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից` եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը։ Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է, իսկ դուք բազմաթիվ մարդկանց տանում եք անհիմն կալանքի, քանի որ չեք պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։ Դուք կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ չունեք, բայց անպայման տանում եք կալանավայր, որ ի՞նչ լինի։ Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Սա է ատելության, կալանքի ֆետիշացման ու քաղաքական հետապնդման հերթական ողբերգական օրինակը։

Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին»,-գրել է Արամ Վարդևանյանը։