ԱՄՆ-ում գրանցված՝ ՆԱՏՕ-ի Bombardier ARTEMIS II հետախուզական ինքնաթիռը ընթացիկ տարվա սկզբից 69 անգամ նկատվել է Կալինինգրադի մարզի շրջանում, իսկ այս պահին այնտեղ իրականացնում է իր 70-րդ թռիչքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիակարգավարական ծառայությունների աղբյուրը։
«Bombardier ARTEMIS II հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Կալինինգրադի մարզի շրջանում, որի տարածքի շուրջ սկսել է շրջանաձև թռիչք իրականացնել․ սա տարեսկզբից ի վեր նրա 70-րդ թռիչքն է», - նշել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ ինքնաթիռը թռչում է մոտ 10 կմ բարձրությամբ՝ օգտագործելով Լեհաստանի և Լիտվայի օդային տարածքը, ինչպես նաև Բալթիկ ծովի չեզոք ջրերի վերևում գտնվող հատվածները։
Գործակալության զրուցակցի տվյալներով՝ այս տարի հետախուզական ինքնաթիռի առաջին թռիչքը ռուսական այդ տարածաշրջանի շրջանում գրանցվել է հունվարի 2-ին։ «Մարտին այն այս շրջանում նկատվել է ամենաշատը՝ 8 անգամ, իսկ Կալինինգրադի մարզի շուրջ Bombardier ARTEMIS II-ն ամենաքիչը թռել է փետրվարին, մայիսին և հունիսին․ այդ ամիսներին գրանցվել է ամսական 5-ական թռիչք», - շարունակել է աղբյուրը։ Նոյեմբերի սկզբից, աղբյուրի խոսքով, հետախուզական ինքնաթիռն արդեն չորս անգամ հայտնվել է Կալինինգրադի մարզի մերձակայքում, ընդ որում՝ շրջանաձև թռիչքի տևողությունը տատանվել է մեկից չորս ժամի սահմաններում։ «Այսօրվա թռիչքը նոյեմբերի սկզբից ի վեր հինգերորդն է», - նշել է գործակալության զրուցակիցը։
Որպես կանոն՝ Ռումինիայի Կոնստանցա քաղաքի օդանավակայանում մշտապես տեղակայված Bombardier ARTEMIS II-ը թռչում է մի քանի երթուղիներով․ Կալինինգրադի մարզի շուրջ թռիչքներից բացի, այն նաև գործում է Սև ծովի ջրատարածքի հարավային մասի չեզոք ջրերի վերևում, մերձբալթյան երկրների կենտրոնական շրջանների վերևում՝ շրջադարձ կատարելով Ֆիննական ծոցի էստոնական ափի մոտ, ինչպես նաև Միջերկրական ծովի շրջանում։









