Foto

Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը

Իսրայելի նախագահը պաշտոնապես կառավարություն ձևավորելու մանդատ է տվել ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտին: Դրա համար նա 28 օր ունի, անհրաժեշտության դեպքում կարող է խնդրել լրացուցիչ 14 օր։

Իցհակ Հերցոգը իր որոշման մասին տեղեկացրել է և՛ Այզենկոտին, և՛ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Նախագահը վարչապետի իր թեկնածուին ընտրել է նոր Քնեսեթի բոլոր անդամների շահերը ներկայացնող պատվիրակությունների հետ խորհրդակցելուց հետո։ Արդյունքում, Այզենկոտի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, Նեթանյահուի օգտին՝ 46-ը, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։

Խորհրդարանի ընտրության ժամանակ Նեթանյահուի գլխավորած դաշինքը ստացել է 53 մանդատ՝ անհրաժեշտ 61-ից, իսկ Այզենկոտի դաշինքը՝ 48 մանդատ: Արաբական երկու կուսակցությունները ստացել են մնացած 19 տեղերը: Ըստ իսրայելական լրատվամիջոցների աղբյուրների՝ արաբական ուժերից մեկը հայտնել է, որ պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ նույնիսկ առանց կոալիցիոն համաձայնագրի: Արաբական մյուս կուսակցությունն էլ պնդում է, որ պետք է լինի համաձայնագիր: Տարբերակներից մյուսն էլ այն է, որ Այզենկոտը կոալիցիա կազմի ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների հետ, սակայն այդ դեպքում, գուցե, ստիպված լինի հրաժարվել քարոզարշավի խոստումներից մեկից, ըստ որի ծայրահեղ ուղղափառ երիտասարդները պետք է ծառայեն բանակում:

Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ազգային միասնության կառավարություն։