Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի գործով հրավիրվել է հարցաքննության, սակայն, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է հարցերին պատասխանելուց՝ պարզաբանելով, որ ժամանակին գործել է որպես դատախազ՝ իր լիազորությունների շրջանակում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Լրագրողը հետաքրքրվել է Նաիրի Հունանյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ Ջհանգիրյանի վերջին հայտարարությամբ, որն ուսումնասիրելու հանձնարարական էր տվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պողոսյանը նշել է, որ այդ հայտարարությունը չի լսել, սակայն Ջհանգիրյանին հարցաքննության են հրավիրել դրանից ավելի վաղ։
«Մենք դրանից շատ ավելի վաղ Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել ենք հարցաքննության։ Ինքը, օգտվելով իրավունքներից, հրաժարվել է հարցերին պատասխանելուց, մեկնաբանել է, որ այն ժամանակ գործել է որպես դատախազ և իր լիազորությունների շրջանակում է գործել։ Բայց, այնուամենայնիվ, մենք բոլոր հանգամանքները քննության առարկա ենք դարձնում»,- ասել է ՔԿ նախագահը։
Պողոսյանը նաև ընդգծել է, որ քրեական վարույթը քննվում է Քննչական կոմիտեում, և ակտիվ գործողություններ են կատարվում։
2026 թվականի հոկտեմբերի 27-ին Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ, իր համոզմամբ, Նաիրի Հունանյանի և գործով մյուս դատապարտյալների վերաքննիչ բողոքները գրվել են, սակայն դատարան չեն հասել։ Նա առաջարկել էր գլխավոր դատախազին հանձնարարել ԱԱԾ-ին հայտնաբերել այդ բողոքները և դրանցում հնարավոր հիշատակված հանգամանքները դարձնել քննության առարկա։
Հոկտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանձնարարել է ուսումնասիրել Ջհանգիրյանի հայտարարությունը և պարզել դրանում հիշատակված փաստերի մանրամասները։









